«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2005-12-15 | #230, 2005-12-16 | #231, 2005-12-17


ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ

Քաղաքական դրդապատճառներով պատվիրված «Դավադրության թեորիա» իրական վարկածով 13208501 քրեական գործով դատապարտյալ, քաղբանտարկյալ Արթուր Այվազյանի բողոքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության 21.12.2004 թվականին ընդունվել է Ստրասբուրգի Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանի քարտուղարությունում: Քննվում են նրան երկարաժամկետ ազատազրկման դատապարտելու անհիմն եւ անօրինական պատճառները: «Խորապես ուսումնասիրելով սահմանադրությունը, քրեական ու մյուս օրենքները, ղեկավարվելով դրանցով ու կողմնակից լինելով Հայաստանում օրենքի գերակայությանը, հիմնավորապես հայտարարում եմ, որ վերոհիշյալ քրեական գործի հետ կապված խնդիրների առաջացման պատճառն այն է, որ վերոհիշյալ քրեական գործը հարուցել ու նախաքննությունն իրականացրել է գլխավոր դատախազությունը, մինչդեռ սահմանադրության 103 հոդվածով դատախազությունը քրեական գործ հարուցելու ու նախաքննություն անցկացնելու որեւէ լիազորություն չունի», գրում է նա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից «Ազգին» ուղարկած նամակում:

Իր հայտարարությունը հիմնավորելով նա ընդգծում է, որ դատախազությունը չի կարող միաժամանակ լինել ե՛ւ քրեական գործ հարուցող, ե՛ւ նախաքննություն իրականացնող ու մեղադրանք առաջադրող, ինչպես նաեւ դատարանում մեղադրանք պաշտպանող կողմ, քանի որ դրանք հակասում են գործի արդարացի, օբյեկտիվ եւ անաչառ քննության սկզբունքներին: «Փաստորեն, 1995 թվականի հուլիսի 1-ից մինչ օրս դատախազությունը հակասահմանադրորեն իրականացնելով նախաքննություններ, խախտել է ոչ միայն իր, այլեւ այլ քաղաքացիների իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Եվ եթե դատախազությունն ինքն է խախտում սահմանադրությունն ու մյուս օրենքները, մի՞թե վերոհիշյալ խնդիրը այն պատճառներից չէ, որ ժողովուրդը կորցնում է իր հավատն ու վստահությունն առ պետություն: Ելնելով իմ այժմյան կարգավիճակից, ես համոզված եմ, որ դատախազությունը վերոհիշյալ ապօրինությունների ճանապարհով նախկինում քննել եւ այժմ էլ անարգել շարունակում է քննել բազմաթիվ քրեական գործեր, համոզված լինելով իրավական հարթությունում իր անպատժելիության մեջ, անգամ նման ծավալի անօրինականությունների կատարման պարագայում, ինչն անժխտելի է»:

Նոյեմբերի 17-ին Արթուր Այվազյանը գրավոր դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանՙ պահանջելով անվավեր ճանաչել դատախազության քննչական վարչության կանոնադրությունը հաստատելու վերաբերյալ 10.05.2000 թվականին գլխավոր դատախազի ընդունած թիվ 16 հրամանը:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4