Հարցականի տակ է առել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) մեր երկրի պատվիրակությունն առավել պասսիվություն է դրսեւորել 2003-ինՙ ընդամենը 16 տոկոս եւ ընդհանուր ցուցակում գրավել 39-րդ հորիզոնականը: Մասնակցության առավելագույն չափը եղել է նախորդ տարիՙ 35 տոկոս եւ 26-րդ հորիզոնական: Սանդղակը կազմվել է ԵԽԽՎ բյուրոյի գնահատմամբՙ ըստ հանձնաժողովների աշխատանքներին պատվիրակությունների մասնակցության: Հարեւան երկու պետությունների պատվիրակությունները մերից հետ ենՙ Վրաստանինըՙ 28-րդ, Ադրբեջանինը 41-րդ հորիզոնականներում են: Մերոնց առաջընթացը նախանցյալ տարվա համեմատությամբ ապահովվել է քաղաքական եւ կրթության, գիտության ու մշակույթի հանձնաժողովներում 90 եւ 89 տոկոս մասնակցությամբ: Առաջինում աշխատել է Տիգրան Թորոսյանը, երկրորդումՙ Շավարշ Քոչարյանը: Վերջինիս ակտիվ աշխատանքն ընդգծելովՙ ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը հույս հայտնեց, որ Ստեփան Դեմիրճյանն էլ ակտիվ կլինի եւ որեւէ խնդիր չի առաջանա:
Ներկայացված տվյալները երեկ հրապարակեց Թորոսյանը եւ ամփոփեց ԵԽԽՎ-ում պատվիրակության կատարած վերջին աշխատանքները:
Նրա գնահատմամբ, ինչպես միշտ, Ադրբեջանի պատվիրակությունը որեւէ հարցի կապակցությամբ մեր պատվիրակությունից առավել շահեկան վիճակում չի հայտնվել: Այս անգամ էլ մեզ համար որեւէ արտառոց ձեւակերպում չի եղել որեւէ փաստաթղթում: Մերոնք աշխատել են հնարավոր ակտիվությամբ եւ փախստականների, միգրացիայի ու ժողովրդագրության հանձնաժողովի կազմած Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փախստականների մասին բանաձեւի նախագծում մտահոգիչ ոչինչ չկա: Մտահոգության առիթը ՀՀ սահմանադրության հանրաքվեի գնահատականի առնչությամբ է, բայց գնահատականում էլ, մտահոգությունում էլ նորություն չկա: Փարիզում ասվածն համարժեք է եղել ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի գնահատականին, որը փաստում էր լուրջ խախտումների առկայությունը հանրաքվեի գործընթացում եւ ընդգծում ընտրակեղծարարներին պատժելու անհրաժեշտությունը: Վերջինի կարեւորությունն ընդունելով Տիգրան Թորոսյանը ցավ հայտնեց, որ հանրաքվեն միջազգային չափանիշներով չարվեց եւ կորավ 2006-ի վերջին Հայաստանում մոնիտորինգի գործընթացն ավարտելու համար հայտ ներկայացնելու հնարավորությունը: Փոխարենը ԵԽԽՎ-ում կասկածում են միջազգային չափանիշներով ընտրություններ կազմակերպելու ՀՀ ունակություններին, ինչի մեղավորությունը, Թորոսյանի գնահատականով, նաեւ ընդդիմությանն է, իսկ իրավիճակի շտկման հնարավորությունըՙ 2007-ի ընտրությունների անարատությունը:
Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները դիտարկած անձանց գնահատականները եղել են խիստ եւ բռնություններն ու ծեծը արտացոլող լուսանկարներով համեմված: Բացառված չէ, որ հունվարին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չհաստատվեն: Վերջինը, սակայն, Թորոսյանի կարծիքով, չի ազդի Հայաստանի եվրոինտեգրման գործընթացի վրա, քանի որ գոնե վերջին երկու տարիներին մեր երկրների տարբերություններն արտահայտվել են:
Այդ տարբերությունները արտահայտվել են նաեւ ձայների քանակում: Ադրբեջանի պատվիրակության 6 ձայնին մշտապես գումարվում են Թուրքիայի 12 ձայները: Մեր 4 ձայն ունեցող պատվիրակությունը, սակայն, երբեւէ չի շահել Հայաստանի դաշնակից եւ գործընկեր Ռուսաստանի պատվիրակության 18 ձայների առկայությունից, քանի որ դրանք, Թորոսյանի հավաստմամբ, լավագույն դեպքում բաշխվել են եւ երբեւէ չեն ունեցել միանշանակ Հայաստանին պաշտպանող դիրքորոշում:
ՆԱՆԱ ՊԱՏՐՈՍՅԱՆ