«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2005-12-16 | #231, 2005-12-17 | #232, 2005-12-20


«ԱՍՏՂԱՅԻՆ ԳԻՇԵՐ ՆՈՐԻՑ ՄԻԱՍԻՆ»...

«70-ական թվականները ինձ համար հայկական երաժշտարվեստի զարգացման համար նշանակալից ժամանակաշրջան եղավ», ասում էր Վազգեն Ասատրյանը: Ուղիղ 8 ամիս առաջ Վազգեն եւ Վալերի (Աշխեն) Ասատրյանները, որոնք Երեւանի կենտրոնում հիմնել են մի գողտրիկ անկյուն «Փարիզյան սուրճ» անվամբ, հենց սուրճի սեղանի շուրջ էլ զրուցելով ու վերհիշելով 60-70-ականների տաղանդավոր եւ հրաշալի արվեստագետներին, կատարողներին, որոնցից շատերը մեզ հետ չեն, որոշեցին ու իրականացրեցին «Երգում է 70-ականների Երեւանը» համերգային ծրագիրը: Համերգը այնքան էր դուր եկել երեւանցիներին, որ վերջիններիս ցանկությամբ այն կրկնվեց եւս երկու անգամ: Սակայն Ասատրյան ամուսինները չբավարարվեցին ծրագրի հաջող ավարտով, եւ նոր նախագիծ մտահղացան: «Աստղային գիշեր նորից միասին» խորագիրը կրող Նոր տարվա ծրագիրը, որը Հանրային հեռուստատեսությամբ կցուցադրվի հունվարի 1-ին, ժամը 22-ին, գրեթե ավարտական փուլում է գտնվում: Նախագծի հեղինակ եւ գլխավոր հովանավոր Վազգեն Ասատրյանը 2 ժամ 30 րոպե տեւողությամբ հաղորդմանը մասնակցելու համար 6 տասնյակ արվեստագետների է հրավիրել թե՛ հանրապետությունից, եւ թե՛ արտերկրից, նպատակ ունենալով նրանց հավաքելու մեկ ընդհանուր սեղանի շուրջը ու հայ հանդիսատեսին տոնական նվեր մատուցելու: Թվեմ մի քանիսին` Օֆելյա Համբարձումյան, Երվանդ Մանարյան, Ռաֆայել Քոթանջյան, Աշոտ Ղազարյան, Ռոբերտ Ամիրխանյան, Վերա Հակոբյան, Վարդուհի Վարդերեսյան, Սվետլանա Գրիգորյան, Ռուբեն Մաթեւոսյան, Լեւոն Մալխասյան, Էդուարդ Մարկարով եւ ուրիշներ: Փարիզից ժամանել էր Ռոզի Արմենը, իսկ Ժան Թաթլյանը, Ալեքսանդր Զախարյանը, Կոնստանտին Օրբելյանը, Լեւոն Սեւանը, Ջիվան Գասպարյանը, Զառա Տոնիկյանը ԱՄՆ-ից չեն կարողացել ժամանել թռիչքային անբարենպաստ եղանակի պատճառով, սակայն տեսաժապավենով ուղարկել են իրենց ողջույնի խոսքը:

Իսկ թե «Ինչպե՞ս որոշվեց «Հ1»-ի հետ ծրագիրը իրականացնել» իմ հարցին պրն Ասատրյանը պատասխանեց. «Բոլորին իրար հետ հավաքելու, մեր մեծերին հարգելու, սիրելու ու երիտասարդ սերնդին նրանց ներկայացնելու գաղափարը «Հ1»-ի ղեկավարությունը հավանեց: Գիտեք, ես հետեւում եմ այսօրվա հեռուստատեսությունների ծրագրերին եւ կարող եմ ասել, որ շատ քիչ են անդրադառնում մեր հայ արվեստի անխոնջ մշակներին, որոնք 40-50 տարի իրենց լուման անմնացորդ դրել են ու մեր մշակույթը բարձր պահել: Իսկ այսօրվա երիտասարդ երգիչ-երգչուհիներին թվում է, թե իրենք են հիմնադիրները հայ էստրադային երգի ու դժբախտաբար չեն էլ ուզում ուսումնասիրել նրանց պատմությունը... Նույն Օֆելյա Համբարձումյանը երբ անցնում է փողոցով կամ ֆիլհարմոնիայով` երիտասարդ երգիչ-երգչուհիները չեն ճանաչում ու անգամ չեն մոտենում գոնե բարեւելու համար, նույն բանն է տիրում նաեւ անվանի դերասանների հանդեպ... Այ հենց նման բաներին վերջ տալու եւ մեր անվանի արվեստագետների հանդեպ նոր վերաբերմունք դրսեւորելու համար էր այս նախաձեռնությունը»:

Զրուցակիցս նաեւ հաստատ էր իր որոշմամբ` «Քանի կան նրանք, եկեք սիրենք ու գնահատենք, թե չէ հայտնի խոսքերի պես «գնա մեռիր, արի սիրեմ»-ը նրանց այսօր պետք չէ»: Այ, անցած օրը մի երիտասարդ տղա հեռուստատեսությամբ հպարտ-հպարտ ասում էր, որ Հայաստանում ռոքի հիմնադիրն է: Ա՛յ քեզ բա՜ն: Երբ 60-ականներին ռոք էինք նվագում, ջազ, էստրադա կամ էլ մետալիկ, ու այդ համերգներին դռներ ու ապակիներ էին կոտրում, մենք էլի չէինք ասում, որ մենք ենք Հայաստանում ռոքի հիմնադիրները, որովհետեւ դրանք սկսվել են կոմպոզիտորներ Արտեմի Այվազյանից, Ցոլակ Վարդազարյանից եւ մյուսներից»: «Եթե զուգահեռներ անցկացնենք այսօրվա եւ 70-ականների երաժշտությունների միջեւ, ի՞նչ տարբերություններ կան» հարցին պրն Ասատրյանը պատասխանեց. «Շատ մեծ, չնայած որ այն ժամանակ եւ հիմա արտասահմանի ազդեցությունը կար, բայց երբ կատարվում էր մերը, հայկականը, այդքան այլասերված չէր ու պահվում էր ազգային գիծը, իսկ հիմա 99%-ով ձեւափոխված, միայն բառերով երաժշտական մեղեդին մի քիչ հիշեցնելով մատուցում են բարձր բեմերից ու եթերներից: Ռեպրիզ, ռեմիքս կոչվածները ոչ մի լավ բանի չեն բերում ու մեր պատմությունն ու արվեստը աղավաղում են: Ինչու երաժշտությունը կարելի է ռեմիքս անել, բայց օրինակ, մեր պատմությունը` ոչ, բա էդպես կլինի՞, իհարկե ոչ, եւ այս ամենը հստակ գալիս է ասելու, որ մեր երկրում չկա մշակութային մշակված ծրագիր ու վերահսկող մարմին, գեղարվեստական խորհուրդ...

Մի բան էլ ասեմ, երբ Նառա Շլեպչյանը, Սուսաննա Շահինյանը ժամանակին եթեր էին դուրս գալիս, նրանց խոսքը հաճույքով լսում էինք, իսկ այսօրվա հաղորդավարները, կլորացված բառերով, արագախոսությամբ ու սխալ մտքի շարադրությամբ այսօր չեն լսվում ու չեն ընդունվում, քանի որ չենք հասկանում ի՞նչ են ասում` ձեւափոխելով մեր լեզուն... Ամբողջ օրը գոռում-գոչում ենքՙ «մեկ ազգ, մեկ մշակույթ», բա ո՞ւր է, ստացվել է մեկ ազգ, «բազմաթիվ մշակույթ»` այն էլ աղավաղված...»: Իսկ թե ի՞նչ կարծիք ունի օրական մի նոր պատճենահանված երգիչ-երգչուհու հայտնվելը, պրն Ասատրյանն ասաց. «Դա հիմա մոդա է դարձել, ով հովանավոր կամ «բոյֆրենդ» է գտնում, դառնում է երգչուհի ու կոմպյուտերներով, սինթեզատորներով ձեւավորում են անում երեք նոտայով, պորտերը, ոտքերը բացում են ու դուրս գալիս բեմ: Մեր հեռուստատեսություններն էլ անմիջապես իրար հետ մրցելով, նրանց եթեր են տալիս, անընդհատ փչացնում երիտասարդների ճաշակը: Սա անթույլատրելի է եւ դրանց վերջը պետք է լինի», զայրացած մանրամասնում էր զրուցակիցս, որը դեռ շատ ծրագրեր է որոշել իրականացնել:

Նյութը եւ լուսանկարը` ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ

Հ. Գ. - Նյութը պատրաստ էր, երբ Վազգեն Ասատրյանին շնորհեցին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «70-ականների լավագույն երաժշտի հատուկ մրցանակը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4