«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2005-12-16 | #231, 2005-12-17 | #232, 2005-12-20


ՕՐԻՆԱՊԱՀ ՎԱՐՈՐԴՆ ՈՒ ՀԵՏԻՈՏՆԸ ԽՑԱՆՄԱՆ ԵՎ ՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌ

Երեւանում հետիոտն ես, թե վարորդՙ կարեւոր չէ, զգում ես երթեւեկության եւ մեքենան կայանելու դժվարությունները: Մայրաքաղաքն օր-օրի ավելի է նմանվում բացօթյա ու տարածական ավտոկայանատեղիի, երթեւեկությունն էլ ավելի ու ավելի տարերային է դառնում: Տպավորություն է ստեղծվում, թե մեր քաղաքում շուրջ օրը պիկ ժամ է: Երկարատեւ ու փոքր խցանումները քաղաքի առօրյայի անբաժանելի բաղադրիչն են դարձել: Վերջին օրերի մառախուղի թանձր շերտն էլ ի զորու չեղավ Երեւանում երթեւեկության անգամ ամենափոքր կանոնավորում ապահովել: Ասենք, եթե լիներ, ապա միայն խիստ ժամանակավոր: Դե, մառախուղ է, հավերժական ոչ եղել ու ոչ էլ դառնալու է:

Ու թե բան է, պատահել է, եւ քաղաքի գոնե կենտրոնականՙ Մաշտոցի պողոտայի համայնապատկերը, ասենք, Մատենադարանից տեսնելու առիթ է ստեղծվել, ապա զարմանքը, թեկուզ եւ երեւույթն անսովոր կամ նոր չէ, ստիպում է մտածել, թե որեւէ կանոններով առաջնորդվո՞ւմ են վարորդներն ու հետիոտները եւ էդ ի՞նչ օրհնությամբ են գլուխ հանում տեւական տարերայնությունից, խուսափում մահկանացուն կնքելու մեծ հավանականությունից: Բայց նման զարմանքը մի կարճ ընթացք ընդհանուր թոհուբոհից դուրս գտնվելու արդյունք է: Վայրկյան անց մտաբերում ես, որ քո փողքերից կամ փեշերից էլ բոլորովին հեռու չէ երթեւեկի հարցում թե՛ որպես վարորդ, թե՛ որպես հետիոտն կամ ուղեւոր անհայտ օրհնության վրա հույս դնելը: Դե, այս գիտակցումն էլ ոչինչ չի փոխում:

Երեւանում ընդհանուր շարժումն, անգամ այն բացառիկ վարորդին ու հետիոտնին, որ փորձում են երթեւեկության կանոններով հնարավորինս առաջնորդվել, ստիպում Է մոռանալ դրանք, այլապես կդառնան խցանման, Աստված մի արասցե, վթարի պատճառ: Այնպես որ մեր քաղաքի երթեւեկությունն ընթանում է տարերայնության թելադրանքով, ապահովությունը մեծ մասամբ մնում է անհատական ճարպկության վրա: Իսկ երթեւեկի մասնակիցներից զիջում ակնկալելն ուղղակի միամտության կամ իրականությունը չզգալուն հավասարազոր է: Ախր հայաստանաբնակների մեծ մասը հավակնոտության անչափելի պաշար ունի եւ զիջումը պարտության հետ է շփոթում: Իսկ էթիկայի կանոնների շրջանակում կամ պարզապես հասարակությունում ոչ պահանջատիրական պահվածքն ուղղակի անհավանական է: Մեր իրականությունում հիմնականում գտնում են, որ երթուղայինի վարորդն իրավունք չունի ուղեւորի ուզած տեղում մեքենան չկանգնեցնելու, եթե անգամ դա, ասենք, խաչմերուկի կենտրոնն է կամ առաջին գիծը: Ուղեւորն էլ իր հերթին այլընտրանք չունի, քան ցածրորակ երաժշտությամբ ճաշակն ու լսողությունը սղոցելով, վարորդի վայելած ծխախոտի ծխից խեղդվելով, չգիտես ում գրկում կամ չգիտես ում գրկած ճանապարհ գնալը: Ու մինչ այսպես բարեկամաբար գրկախառնված ընթանում են երթուղայինում տեղավորված մեծ ու մանուկ, հարեւանությամբ մեքենա վարողն անսխալականությամբ ու ամենակարողությամբ «օժտվածությունից» ելնելով նույնիսկ ամենաանհրաժեշտ պահին անհնար է համարում զիջումը: Գիտենք երթուղայինների վարման մշտական անկանոնությունը, միմյանց հետ մրցելու սովորությունը եւ ուղեւորներից որեւէ մեկի հանկարծահաս ցանկությամբ կանգ առնելը, բայց նույն մակնիշի մեքենաների վարորդներն էլ մեծ մասամբ մահվան սպառնալիքի ազդեցությամբ են զիջման գնում: Իհարկե, միայն մեզ մոտ չէ այսպես, միայն մենք չէ, որ անտեսում ենք երթեւեկության ամենատարրական կանոնները, կողքինի գոյությունն ու նրա չխանգարելու պարտավորությունը, բայց սա հո նեղ սրտի մխիթարանք է միայն, նաեւ ապացույց, որ հավակնություններն ու եսակենտրոնությունը մեր կեցության առանցքն են դարձել:

Հակառակ դրսեւորումն ամեն օր տեսնում ու մեզ էլ թույլ ենք տալիս երթուղայինների սրահումՙ նեղ անենք, տեղ անենք մոտեցմամբ: Բայց անգամ ուշադրության կենտրոնացումն է ավելորդ հասկանալու, որ դա էլ բարեսրտությունից չէ, այլ իշխանությունների թեթեւ ձեռքով պարտադրված խնդրին լուռ հանդուրժողականությամբ նայելը: Ու այսպես վերեւիններն ու ներքեւինները տիրական եւ հանդուրժողական համակեցությամբ ապրում են ու տարերային անկանոնությունը շարունակում պահպանել:

Հույս չկտրելու կարգով ուզում եմ մտածել, թե մի օր Երեւանում երթեւեւկության կանոններին հետեւողը դժգոհության չի արժանանա եւ խցանման կամ վթարի պատճառ չի դառնա:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4