«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2005-12-17 | #232, 2005-12-20 | #233, 2005-12-21


ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԱԽԱԳԻԾ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

ԲԱՔՈՒ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքներին վերաբերող փաստաթղթի նախագիծ են պատրաստում: Այդ մասին «Թրենդ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտնել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

«Դա երկու էջից բաղկացած փաստաթուղթ է, որում շարադրված են հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները, եւ կողմերը դրանց պետք է համաձայնեն: Թե ինչ ձեւով դա կլինի, ես առայժմ չեմ կարող ասել», ասել է դիվանագետը եւ ավելացրել. «Հենց որ այդ սկզբունքներին վերջնականապես հավանություն տրվի, կկայանա երկու կողմերի փորձագետների պատվիրակությունների հանդիպումը, որոնք կկազմեն հիմնարար փաստաթուղթ, քանի որ նրանք արդեն կունենան իրենց ղեկավարության համապատասխան թույլտվությունները»:

Յուրի Մերզլյակովը գտնում է, որ «առանց հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնության, անիմաստ է ինչ-որ նախագիծ գրելը»: «Նախկին համանախագահներն արդեն առաջարկել են տասնյակ էջերից բաղկացած մի քանի տարբերակներ: Կողմերից մեկն ասում էրՙ ոչ, մեզ դա չի բավարարում, եւ ամեն ինչ զուր էր անցնում: Այժմ այդ անելը բացարձակապես ոչ մի իմաստ չունի, եւ ոչ մեկն այդ չի ցանկանում, որովհետեւ նախ հարկավոր է պայմանավորվել, թե ինչպես է դա աշխատելու եւ հետո միայն ձեւակերպել», ասել է ռուսաստանցի դիվանագետը: Պատասխանելով այն հարցին, թե կհաջողվի՞ արդյոք նախագիծը պատրաստել մինչեւ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներիՙ հունվարի վերջին նախատեսվող հանդիպումը, Մերզլյակովը հայտնել է, որ «մենք հենց դրանով էլ զբաղված ենք»:

Այն հարցին, թե համանախագահների տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում նվազել են արդյոք տարաձայնությունները հակամարտության կողմերի դիրքորոշումների միջեւ, ռուսաստանցի համանախագահը պատասխանել է. «Առկա է դիրքորոշումների մերձեցում: Բայց ընդսմին կա այս եւ մյուս կողմերի համար անընդունելիի ըմբռնումը: Ուստի թե կողմերի, թե մեզ համար տարբերակների որոնման դաշտը նեղացել է: Մի կողմից դա հեշտացնում է խնդիրը: Բայց առայժմ ես չեմ կարող ասել, թե համաձայնությունն սկսել է ուրվագծվել», ասել է Մինսկի խմբի համանախագահը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4