Թուրքիայում քաղաքական նոր սկանդալ է տեղի ունեցել, երբ վարչապետ Թայիփ Էրդողանն Իզմիրն (Զմյուռնիա) անվանել է «անհավատների քաղաք»: 2 միլիոնանոց քաղաքի բնակիչները եւ քաղաքական էլիտան վիրավորվել են վարչապետի այդ խոսքերից, քանի որ նախկինում Իզմիրն անվանվել է նաեւ «գյավուրների քաղաք»: Թուրքական «Միլլիեթ» թերթն անդրադառնալով սկանդալին նշել է պատգամավոր Ահմեդ Էրսինի խոսքերը. «Իզմիրը միշտ եղել է քաղաքակիրթ, ժողովրդավարական քաղաք: Եթե Էրդողանը կարծում է հակառակը, ես կտրականապես դատապարտում եմ նրա խոսքերը: Սա ամենամեծ վիրավորանքն է, որ կարելի է հասցնել Իզմիրին, քանի որ այնտեղ է սկսվել թուրք ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը»:
Թուրքական մեկ այլՙ «Հյուրիեթ» թերթը եւս նշել է քաղաքի նշանակությունը, ընդգծելով, որ «այս քաղաքը եղել է եւ կլինի որպես Արեւմուտքի հետ մերձեցման, արդիականացման եւ առաջադիմության խորհրդանիշ»: