ԲԱՔՈՒ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Նախիջեւանում Ադրբեջանի եւ Իրանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Մահմուդ Ահմադինեժադի մասնակցությամբ կայացել է իրանական գազի մատակարարումների սկսվելու պաշտոնական արարողությունը: Այն տեղի է ունեցել Նախիջեւանի գազի շահագործման քաղաքային վարչության տարածքում: Ինչպես հաղորդել է «Թրենդ» գործակալությունը, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն իրանական գազի մատակարարումն սկսվել է նոյեմբերի 3-ից: Դա վառելիքի առաջին մատակարարումն է ինքնավար հանրապետություն վերջին տասնհինգ տարում: Այժմ վառելիք են ստանում Նախիջեւանն ու Ջուլֆան: Աստիճանաբար գազ կստանան ինքնավարության մյուս բնակավայրերը: Նախիջեւանի ԻՀ-ում գազով կապահովվեն ավելի քան 12 հազար բաժանորդներ:
Դրա հետ մեկտեղ նոյեմբերի 1-ից ադրբեջանական գազ է մատակարարվում Իրանՙ վառելիքով ապահովելու այդ երկրի հյուսիսարեւելյան տարածաշրջանները: Առաջին փուլում Նախիջեւան իրանական գազի ներմուծման ծավալը կկազմի տարեկան 52 մլն խորանարդ մետր (մինչեւ 2005 թվականի վերջը), 2006 թվականինՙ 250 մլն խորանարդ մետր, իսկ 2007 թվականից ներմուծման ծավալը կմեծանա մինչեւ 250 մլն խորանարդ մետր: Նույն ծավալով գազ Իրանին կվերադարձվի սահմանամերձ Աստարայում: