Այս անգամ բարձրաձայնողը ՀՅԴ-ն է
Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) բանակցում է իշխանական կոալիցիայի մյուս երկու կուսակցությունների հետ: Նոր սահմանադրությամբ ենթադրվող նոր խնդիրներ են առաջանալու: Դրանց լուծման համար քաղաքական ո՞ր ուժերի միասնական աշխատանքը պետք կլինիՙ պարզվելու է ընթացող բանակցություններով: Այս մասին երեկ Մամուլի ազգային ակումբում խոսեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը եւ հավաստիացրեց, որ ՀՅԴ-ն ունի իր ուղին, գիտի անելիքը եւ հստակ ծրագրային ելույթը չի ուշանա, իսկ շուրջը կատարվողն այլ խնդիր է: Կուսակցությունում համոզված են, որ պետք է վերանայել Հայաստանի քաղաքական պրակտիկան, քանի որ միայն օրենսդրական բարեփոխումները վճռորոշ չեն կարող լինել, երբ «երկրի մթնոլորտը թաղված է անարդարության մեջ»: Խնդիրն արդարության մթնոլորտի վերականգնումն է, բայց «հասարակությունը փչացած էՙ «ես հո գործ տվող չեմ» հոգեբանությամբ», եւ կան մարդիկ, ում այս իրավիճակը շահավետ է: Արդարության եւ սոցիալական խնդիրներում էլ իշխանությունը չի վայելում ժողովրդի վստահությունը: Ներկայացվածը որպես պատճառ եւ խոչընդոտ թվարկեց Վահան Հովհաննիսյանն ու հավաստեց, որ ընտրական գործընթացի արդարության ապահովման համար «յուրաքանչյուր տեղամասում երկու լավ տղա ունենալը կարեւոր է, որ հասկանանՙ բիլակի դեմ բիլակ կա»: Այդ դեպքում կուսակցությունների խնդիրը կլինի 6 հազար մարդ ունենալըՙ հատկապես համամասնական ընտրակարգի դեպքում: Համամասնական ընտրակարգը ՀՅԴ համոզմամբ հայրենական խորհրդարանի դիմագիծը փոխելու ճանապարհ էՙ արդեն իսկ կշիռ ունեցող կուսակցություններն ունեն իրենց լիդերները եւ ԱԺ-ում տեղեր հաստատագրած տնտեսվարող սուբյեկտներըՙ «պետական բնույթի տանիքի տակ իրենց սեփական բիզնեսը թաքցնողները» ստիպված կլինեն նոր կուսակցություններ հիմնել: Այդ դեպքում ժողովրդի հստակ գնահատական տալու հնարավորությունը հավանական կարեւորություն կունենա:
Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ գործող սահմանադրությունն անդուռ երկաթյա արկղ է, որից ազատվելն իրոք անհրաժեշտ էր: Եվ հանրաքվեում տեղ գտած անհարիր բաղադրիչները բանախոսը սահմանադրության բարեփոխման կարեւորությամբ բացատրելով, առանձնապես շեշտելիք չհամարեց:
Ընդդիմության գործելակերպին անդրադառնալով Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ 20 անձով ԱԺ-ում ներկայացված ընդդիմությունը ցանկության դեպքում կարող էր խորհրդարանում լուսավոր կետ լինել: Ըստ նրաՙ ընդդիմությունը պետք է փորձագետների հետ մեծ աշխատանք տանելով սահմանադրության տեքստն ավելի հղկված ու լավը դարձներ, այնուհետեւ ժողովրդին իր հետեւից տանելով «այո» ասեր հանրաքվեին: Այս գործելակերպի դեպքում, ըստ բանախոսի, իշխանությունը կսարսափեր իր նախաձեռնած բարեփոխումներից: Ամեն դեպքում Վահան Հովհաննիսյանը նոր խորհրդարանում ընդդիմության ծանրակշիռ ներկայություն կանխատեսեց:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ