Սահմանադրական հանրաքվեից գրեթե մեկ ամիս անց հասարակական-քաղաքական տարբեր կառույցներ շարունակում են մեղավորներ փնտրել իրենց ձախողումներում: Երեկ նման ձեռնարկումներից մեկի հեղինակն էլ «Համաձայնություն» կենտրոնն էր եւ Դավիթ Շահնազարյանը: Վերջինիս գնահատմամբՙ ընդդիմությունը կարող էր ավելի արդյունավետ աշխատել, ինչին համաձայն էր կազմակերպված քննարկման մասնակիցներից Պետրոս Մակեյանը: Իսկ «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը փորձում էր արդարացնել սեփական քայլերը եւ հավաստիացնել, թե դրանք մտածված եւ բովանդակային էին: Նրա գնահատմամբՙ հասարակության 90 տոկոսը «ոչ» ասելով հանրաքվեինՙ իր ատելությունն է արտահայտել իշխանությունների հանդեպ: Ինչ վերաբերում է վերջերս հայտարարված «Հայաստան» կոմիտեի ստեղծմանը, Դալլաքյանը դրան թերահավատորեն է վերաբերվում, գտնում է, որ այժմ լուրջ արդյունք չի տա: Իսկ ընդդիմությունը այնքան էլ անզոր չէ, որքան փորձում են ներկայացնել ուրիշները. «Մատենադարանում հավաքված 8-10.000-ն այն հատվածն է, որն ասում է «մահ կամ ազատություն» եւ ամեն ինչի պատրաստ է», համոզված է նա:
Վիկտոր Դալլաքյանի եւ ընդդիմության գործողություններին քննադատաբար էր մոտենում քննարկման մյուս բանախոսըՙ քաղաքագետ Աղասի Ենոքյանը, ինչի համար մասնակիցները նրան նմանեցրին «Հ1-ի կամ Հ2-ի քաղաքական մեկնաբանի»: Ըստ Ենոքյանիՙ «ընդդիմությունը դեռ երկար ժամանակ կողբա իր այս իրավիճակը», ժողովուրդը, միեւնույն է, չէր մասնակցելու հանրաքվեին, իսկ ընդդիմությունը չկարողացավ դա ներկայացնել իբրեւ սեփական հաղթանակ: «Այսպիսի վատ ընդդիմությունը վատ իշխանությունից էլ վատ է. այսպիսով նաեւ վաղվա հույսն է կորչում, համոզված է նա: Ընդդիմությունն ամեն ինչ արեց, որ իշխանափոխություն չլինի, չկարողացավ 2003-ի 150.000-անոց ցույցի մասնակիցների թիվը պահպանել»: Ինչ վերաբերում է ղարաբաղյան բանակցություններին, Ենոքյանը համոզված է, որ մեր երկրի նախագահն այնտեղ պարզապես ձեւական ներկայություն է ապահովելու եւ համաձայնելու այլոց պահանջներին: Սրանով սակայն չէին ավարտվում պրն Ենոքյանի կանխատեսումները: ՀՀԿ, ՀՅԴ, մի քանի այլ կուսակցությունՙ բացառությամբ «Օրինաց երկրի», եւ այսօրվա ընդդիմության գլխավոր դեմքերից մեկը. սա է Ենոքյանի պատկերացրած կոալիցիան, որ նախընտրական շրջանում ձեւավորելու է Քոչարյանը: Իսկ այսօրվա ընդդիմությունը, ըստ նրա, փոփոխությունների չի ենթարկվի, «Քոչարյանին շատ հարմար է»:
Քննարկմանը մեղադրանքներ եւ արդարացումներ եղան Վիկտոր Դալլաքյանին ԵԽԽՎ-ից հետ կանչելու ժամանակաշրջանի, գաղափարախոսություն ունենալ-չունենալու եւ այլ հարցերի շուրջը եւս:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ