Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը իր հրավիրած ասուլիսը սկսեց լրատվամիջոցներին շնորհակալություն հայտնելով. «ԶԼՄ-ները ակտիվորեն մասնակցելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, լուրջ ուշադրության են արժանացրել այս հարցը» եւ դատախազությունը կարողացել է տեղեկանալ բոլոր այն նյութերին, որոնք վերաբերում են օրինախախտումներին, ընթացակարգային խախտումներին: Գլխավոր դատախազությունը, դեռեւս հանրաքվեից առաջ ստեղծել էր հանձնախումբ, որն էլ ամփոփել է իր աշխատանքներն ու երեկ ներկայացվեց լրագրողներին: Դատախազությունը մի շարք գրություններ է հղել ԱԺ նախագահին, ԿԸՀ-ի նախագահին, կուսակցության ղեկավարներին եւ ԶԼՄ-ներինՙ տրամադրել համապատասխան նյութեր հանրաքվեի ողջ ընթացքում եղած խախտումների վերաբերյալ: «Ընդհանուր առմամբ դատախազությունում ստացվել եւ ԶԼՄ-ների հրապարակումներից քննարկման առարկա են դարձել 25 հաղորդումՙ կապված հանրաքվեի հետ, նշեց պրն Հովսեփյանը, «դրանցիցՙ քննարկման արդյունքներով հարուցվել է մեկ քրեական գործ. քր. օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի առաջին կետի հատկանիշներով (հանրահավաքի ընթացքում «Հայլուրի» թղթակցի նկատմամբ բռնություն), կայացվել է քր. գործի հարուցումը մերժելու 16 որոշում, պարզաբանում է տրվել 5 դիմումի, իսկ 3 դիմումի քննարկումները դեռ ընթացքի մեջ են»:
Դատախազության ուսումնասիրությունների եւ ստուգումների արդյունքում ի հայտ են եկել մի շարք ընթացակարգային խախտումներ, որոնք էլ կոնկրետ առաջարկությունների հետ տեղ են գտել միջնորդագրում եւ ուղարկվել ԿԸՀ-ի նախագահին:
Իսկ այն հարցին «արդյոք խախտում չէ՞ր ՀՀ նախագահի եւ ԱԺ որոշ պատգամավորների բաց քվեարկելը», գլխավոր դատախազը պատասխանեց, որ «անձին ընտրելու գաղտնի քվեարկության իրավունք է տրվում եւ ամենեւին էլ դա չի նշանակում, որ ընտրողը պարտավոր է գաղտնի քվեարկություն կատարել: Յուրաքանչյուր ընտրող կարող է իր կամքը արտահայտել ընտրության հարցի վերաբերյալ, ինչը այդ անձինք կատարել են», մեկնաբանեց պրն Հովսեփյանը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ