«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2005-12-20 | #233, 2005-12-21 | #234, 2005-12-22


ՍԱԲԻՆԱ ՖՐԵՅԶԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՌՈՒ ՉԵՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ

ԲԱՔՈՒ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանը եւ Հայաստանը հեռու չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ համաձայնագրից, սակայն կողմերը պետք է մի քանի լուրջ քայլ կատարեն փոխզիջումների պահպանման նպատակով: Այս մասին «Թրենդ» գործակալությանը հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան տարածաշրջանի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան կատարած այցի արդյունքները:

Նրա կարծիքով, «2006 թվականին պարզ կդառնա` կկարողանա՞ն արդյոք կողմերը հասնել դրան, թե ոչ»: Հակառակ դեպքում, «խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման վերջին հնարավորությունը բաց կթողնվի»: Ֆրեյզերի խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցելությունը տարածաշրջան ցույց տվեց, որ պահպանվում է բանակցային գործընթացի բարձր ակտիվությունը: Ըստ նրա, այցի շրջանակներում համանախագահողները մանրակրկիտ աշխատանք կատարեցին Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հունվարյան հանդիպումը նախապատրաստելու ուղղությամբ: Հույս կա, որ արտգործնախարարների հանդիպմանը կհաջորդի նախագահների հանդիպումը:

Ֆրեյզերը նշեց, որ Հայաստանը արդեն հետ է կանգնել իր այն պահանջից, որ ԼՂ կարգավիճակը սահմանվի մինչեւ գրավյալ տարածքների ազատումը: Երկու կողմերը համաձայնել են, որ խաղաղ գործընթացը սկսվի միայն գրավյալ տարածքներից զինված ուժերի դուրս բերումից, անվտանգության երաշխիքների տրամադրումից եւ ժամանակավորապես տեղահանվածների` իրենց տները վերադարձից հետո միայն:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության դերի վերաբերյալ Ֆրեյզերն ասել է, որ Բրյուսելը որեւէ անմիջական դեր խնդրի կարգավորման հարցում չի խաղում: Սակայն, ըստ նրա, ԵՄ-ն կարող է մասնակցել ներկայումս Երեւանի եւ Բաքվի հետ համաձայնեցվող կարգավորման ծրագրին` որոշակի լրացումներ կատարելու միջոցով: Նա հիշեցրել է, որ դեկտեմբերի 13-ին Բրյուսելում ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության ներկայացուցիչ Խավիեր Սոլանան հայտարարել էր, որ «եթե ԵՄ-ից խնդրեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում օժանդակություն, ապա Բրյուսելը դրան կարձագանքի»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4