«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2005-12-20 | #233, 2005-12-21 | #234, 2005-12-22


ՀԱՍՏԱՏՎԵՑ ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄԸ

ԼՂՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 21-ին գումարեց հերթական լիագումար նիստը:

Նախ քննության առնվեց «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը: Ըստ կառավարության լիազոր ներկայացուցչիՙ օրինագծի առկայությունը պայմանավորված է գործող օրենքում նոր կառուցակարգեր ամրագրելու եւ խմբագրական ուղղումներ կատարելու անհրաժեշտությամբ: Հիմք ընդունելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունըՙ պատգամավորներն այն ընդունեցին առանց տարակարծությունների:

Նույն կերպ ընդունվեց նաեւ «Քաղաքացիական ծառայողների վարձատրության ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը, համաձայն որի քաղաքացիական ծառայողների վարձատրության ու դրամական օգնության վճարումների անկանխիկ համակարգի անցման ժամկետ է ամրագրվում 2008 թ. հունվարի 1-ը, հաշվի առնելով, որ նշված համակարգը դեռեւս ներդրված չէ Արցախում:

Մի շարք օրենքների փոփոխությունների քննարկումներից հետո պատգամավորները ձեռնամուխ եղան «ԼՂՀ սահմանադրության մշակման պետական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկմանը: Նախագծով առաջարկվում էր ուժը կորցրած ճանաչել ԱԺ 2004 թ. ապրիլի 14-ի «Սահմանադրական հանձնաժողովի նոր կազմը հաստատելու մասին» որոշումը: Սահմանադրական հանձնաժողովի նոր կազմում, որն ԱԺ հաստատման էր ներկայացրել ԼՂՀ նախագահը, ընդգրկված են օրենսդիր մարմնում ներկայացված եւ նրանից դուրս գործող քաղաքական ուժերը: Մտքերի աշխույժ քննարկման արդյունքում որոշումն ընդունվեց:

Խորհրդարանը վերջում լսեց Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի գործունեության ամենամյա հաղորդագրությունը, որով հանդես եկավ խորհրդի նախագահ Մաքսիմ Հովհաննիսյանը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4