Փոխադարձ մեղադրանքներով աղավաղվում է դրա իմաստը
«Ազգը» նախորդ համարում ընթերցողի ուշադրությունը հրավիրել էր Մերձավոր եւ Միջին Արեւելքում ընթացող քաղաքական զարգացումների տագնապալի բնույթին, մատնացույց անելով Իրանի դեմ Հարավային Իրաքում կուտակվող Ամերիկայի միջուկային զենքի պաշարները: Հակաիրաքյան պատերազմի հետեւանքով տարածաշրջանը հայտնվեց քաոսում: Միջուկային զենքի օգտագործման դեպքում ամերիկյան զորքերը հավանաբար կհեռանան Իրաքից, սակայն տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանն սպառնացող քաոսն ինքնաբերաբար կհամադրվի աղետի հետ:
Աղետի հավանականությունը չափազանց մտահոգիչ է: Հակառակ դրան աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցները նախընտրում են մտահոգվել հայտնի թուրք գրող Օրհան Փամուքի դատավարության շուրջը ծավալվող աղմուկով եւ շրջանցում ամերիկյան միջուկային զենքի պաշարների կուտակումն Իրաքի հարավում: Քանի որ այս դատավարությունը ներքաշվում է Եվրոմիություն-Թուրքիա հարաբերությունների ոլորտ, ուստի դա թուրքական մամուլի հետ զբաղեցնում է նաեւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության օրակարգը:
Դրան հետեւում են փոխադարձ մեղադրանքները: Ստեղծված իրավիճակում լրատվամիջոցների մտահոգությունը դուրս է գալիս դատավարության շրջանակներիցՙ ստանալով ԵՄ-ի հետ Թուրքիայի բանակցությունների շահարկման բնույթ: Այդ ընթացքում Փամուքի հետ շահարկման միջոց է դառնում նրա դատավարությունը: Այդ պարագայում հայտնի գրողն արդեն մղվում է երկրորդ պլան:
Դրանում համոզվելու համար կարելի է հետեւել դեպքերի հաջորդականությանը: Փամուքի դատավարությունն սկսվել է դեկտեմբերի 16-ին Ստամբուլի դատարանում: Դատավարության ընթացքին հետեւելու համար այնտեղ էին ժամանել Եվրոխորհրդարանի մի շարք անդամներ: Սակայն դահլիճ մտնելիս եւ դուրս գալիս ազգայնամոլ տարրերը քաշքշել էին ինչպես Փամուքին, այնպես էլ եվրոպացի խորհրդարանականներին, որոնցից երկուսինՙ ծեծել: Ընդ որում դա տեղի էր ունեցել անվտանգության ուժերի ներկայությամբ: Ավելին, վերջիններիս թողտվությամբ ազգայնամոլները ներթափանցել էին դահլիճ եւ անկարգություններ արել այնտեղ:
ԵՄ-ը բուռն հակազդեցությամբ արձագանքել էր միջադեպին: Արձագանքները հանգեցրել էին նաեւ թուրքական քրեական նոր օրենսգրքի 301-րդ հոդվածի նպատակահարմարության վիճարկմանը: ԵՄ-Թուրքիա միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Յոոստ Լագենդիյքը, դատապարտելով կատարվածըՙ հոդվածի առնչությամբ հայտարարել է. «Կառավարությունը հոդվածը փոխելու առաջարկով պետք է դիմի խորհրդարան: Դա անհրաժեշտություն է, որովհետեւ այս ամենը լուրջ վնաս է հասցնում Թուրքիայի իմիջին»:
Նրան էր միացել Եվրոխորհրդարանի Թուրքիայի գծով զեկուցող Կամիլ Էրլինգսը: Նա պահանջելով թուրքական կառավարությունից հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին, ընդգծել էր Փամուքի գործը կարճելու անհրաժեշտությունը: Ուշագրավ էր վարչապետ Էրդողանի արձագանքը: Նա դատավարության հաջորդ օրը հայտարարել էր. «Չեմ կարող որեւէ կերպ հաշտվել կատարվածի հետ: Սա այն մտայնության արդյունքն է, ինչ Հայկական հարցին նվիրված գիտաժողովը խոչընդոտողներինը: Դահլիճ ներխուժելը, դահլիճում անկարգություններ անելը սխալ էր, անվտանգության ուժերը չպետք է ցուցարարներին ազատ գործելու հնարավորություն տային»:
Էրդողանը միաժամանակ նշել էր, որ միջադեպի առնչությամբ նախազգուշացրել է ներքին գործերի եւ արդարադատության նախարարներին, ապա եւ հարցը քննարկման էր դրել նախարարների խորհրդի դեկտեմբերի 19-ի նիստումՙ չմոռանալով, իհարկե, դատավարությանը միջամտելու համար խստագույնս մեղադրել ԵՄ-ին:
Հատկանշական է, որ նախարարների խորհրդի նիստում էլ փոխադարձաբար միմյանց են մեղադրել արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքն ու պետնախարար Ալի Բաբաջանը, որը միաժամանակ ԵՄ-ում Թուրքիայի գլխավոր բանակցողն է: Դրա համար առիթ էր ծառայել Բաբաջանի «թուրքական քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը փոխելու անհրաժեշտության» մասին խոսքերին Չիչեքի պատասխանը. «Եթե ամեն միջադեպի առնչությամբ հոդված փոխելու լինենք, ապա գործն ո՞ւր կհասնի: ԵՄ-ն, ինչպես նաեւ որոշ շրջանակներ, քաղաքական միջամտություն են ցուցաբերում դատավարություններին, եւ դա իրենց ձեռնտու է: Մինչդեռ միջամտությունը հակասում է սահմանադրությանը»:
Թե ինչ արդյունքի կհանգեցնի Օրհան Փամուքի փետրվարի 7-ին հետաձգված դատավարությունը, դժվար է կանխորոշել: Բայց որ դա ներքաշվել է ԵՄ-Թուրքիա փոխհարաբերությունների ոլորտ եւ դրա շուրջն ինչպես թուրքական մամուլի, այնպես էլ աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցների ջանքերով անախորժ աղմուկ է բարձրանում, ակնհայտ է: Այս աղմուկը հանգեցնում է երկրում ազգայնամոլ տարրերի, ինչպես նաեւ այն շրջանակների ակտիվացմանը, որոնք արտահայտում են վերոհիշյալ հարաբերությունների մերձեցումից անհանգստացող միջազգային ուժերի շահերը: Այս ամենի հետեւանքով աղավաղվում է ե՛ւ դատավարության, ե՛ւ դրա պատճառը դարձած մեկ միլիոն հայերի սպանության մասին Փամուքի խոսքերի իմաստը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ