«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2005-12-20 | #233, 2005-12-21 | #234, 2005-12-22


«ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ» ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՉԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ»

Շավարշ Քոչարյանը խոսում է վերջնագրի լեզվով

Ազգային ժողովրդավարական կուսակցությունը չի նահանջել, իշխանական դաշտ չի տեղափոխվել, Շավարշ Քոչարյանին էլ պաշտոն չի առաջարկվել, լռում էին, որպեսզի չխանգարեն ընդդիմությանը հեղափոխություն անել: ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն ու վարչության անդամ Վարդան Պողոսյանը երեկ հրավիրված ասուլիսում փորձեցին հստակություն մտցնել կուսակցության եւ «Արդարություն» դաշինքի հարաբերություններում: Ուշացած պարզաբանումները նաեւ տեղ են գտել ԱԺԿ հայտարարության մեջ, որտեղ կուսակցության մասնակցությունը «Արդարություն» դաշինքի եւ խմբակցության աշխատանքներին պայմանավորվում է դաշինքի կողմից սեփական սխալներն ընդունելու, ներքին մթնոլորտն առողջացնելու եւ արդյունավետ ու իրավիճակին համահունչ գործելու պատրաստականությամբ եւ ունակությամբ: Ավելի պարզ ասածՙ այսուհետեւ Շավարշ Քոչարյանը չի մասնակցելու դաշինքի եւ խմբակցության աշխատանքներին, սակայն շանս է տալիս վերանայելու դիրքորոշումները: Չվերանայելու դեպքում կհետեւի պաշտոնական ապահարզանը:

Շավարշ Քոչարյանը կարծում է, որ «Արդարությունն» ուներ բոլոր հիմքերն ընդդիմության մեջ առաջատար լինելու համար: Ու թեեւ հեղափոխության սուրը ճոճելու հեղինակը չէր, սակայն չունեցավ սեփական հաշվարկներ, եւ ինչպես ասում են, ընկավ «Հանրապետություն» կուսակցության ջրերը: Ըստ բանախոսի, սահմանադրական փոփոխությունների գործընթացը ցույց տվեց, որ «Արդարություն» դաշինքում ընդգրկված կուսակցությունների մեծամասնության համար իշխանափոխությունն ինքնանպատակ է: Այդ իսկ պատճառով ընտրվեց սահմանադրական հանրաքվեն որպես իշխանափոխության առիթ օգտագործելու քաղաքականությունը: Ձախողվելուց հետո չի մնում այլ բան, քան անձնական վիրավորանքների անցնելը:

Ընդդիմադիր քաղաքական գործիչը չի ընդունում «Արդարություն» դաշինքիՙ ամեն հարցում մերժողական քաղաքականությունը: «Եթե Ռոբերտ Քոչարյանը շնչում է, չի նշանակում, որ մենք պետք է չշնչենք», ասում է նա, հավելելով, որ որտեղ պետական շահ է եղել, ինքը փորձել է համագործակցել իշխանությունների հետ:

Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովում «Արդարության» դիրքորոշումը սխալ ներկայացնելու մեղադրանքը եվրոպական կառույցում մեր երկրի արդեն նախկին պատվիրակը չի ընդունում: Ինչ վերաբերում է Ստեփան Դեմիրճյանին, ինքը պատրաստ է փոխանցել իր փորձը նրան, եթե, իհարկե, Դեմիրճյանը դրա կարիքն ունի: Եվրոպական լեզվի (օրինակՙ անգլերենին) տիրապետելը շատ կարեւոր է, համոզված է Շավարշ Քոչարյանը, սակայն առավել կարեւոր է արժեքային համակարգը: «Կարելի է խոսել եվրոպական լեզվով, բայց անհասկանալի մնալ եվրոպացիների համար», ասում է բանախոսը:

Ազգային Ժողովրդավարական կուսակցության հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ անհրաժեշտ է ունենալ արժեքային համակարգով եւ գրագետ գործելակերպով իշխանություններին այլընտրանք հանդիսացող ընդդիմություն: ԱԺԴ-ն հետամուտ է լինելու նման այլընտրանքի ձեւավորմանն ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական թեւումՙ ցույց կտա ժամանակը:

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4