«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2005-12-24 | #237, 2005-12-27 | #238, 2005-12-28


2006 ԹՎԱԿԱՆԸ ԲԱՆԱԿՆ ԱՎԵԼԻ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՏԱՐԻ Է ԼԻՆԵԼՈՒ

Հանդիպում պետհամալսարանի շրջանավարտների հետ

«Այսօր մեր երկրի առջեւ ծառացած են երկու հսկայական խնդիրներՙ անշեղորեն բարձրացնել մեր բանակի մարտունակությունը եւ չեզոքացնել ռազմական գործողությունների վերսկսման վտանգըՙ վարելով ճկուն արտաքին քաղաքականություն: Երկրորդՙ կատարելագործել բոլոր ոլորտների կառավարումըՙ շարունակելով դեպի բաղձալի հանգրվանը տանող բարեփոխումները»: Այս խնդիրների լուծման ճանապարհը Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը տեսնում է հասարակության բոլոր խավերի աջակցության մեջ: Այս առումով նա կարեւորում է համալսարանականների ներուժի ճիշտ եւ նպատակասլաց օգտագործումը: Այս մասին Սերժ Սարգսյանը խոսեց երեկ բուհում տեղի ունեցած շրջանավարտների միավորման հավաքին:

Շահարկումներից խուսափելու համար նա չխոսեց հասարակության մեջ շիկացած հարցերի շուրջը: Միայն վերջում երկրի իրավիճակին վերաբերող լրագրողների հարցերին պատասխանելովՙ ասաց. «Հանգիստ եղեք, այս երկիրը նորմալ ընթացքով է զարգանում»: Շատերը 2006 թ.-ին քաղաքական վերադասավորման գնահատական են տալիս: Հարցին, թե այս առումով Սերժ Սարգսյանն ի՞նչ է սպասում, նախարարը պատասխանեց, թե ով նման գնահատական տալիս է, Աստված իր հետ: 2006 թ.-ը մեր բանակի համար ավելի մարտունակ դառնալու տարի է լինելու:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4