ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկ անցկացրած աշխատանքային խորհրդակցության թեման եղել են հանրապետության հանքավայրերի շահագործման ասպարեզում կուտակված խնդիրները: Քննարկմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազը, ոստիկանապետը, հարկային ծառայության պետը, տարածքային կառավարման, առեւտրի եւ տնտեսական զարգացման, բնապահպանության նախարարները: Առիթը նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների ընթացքում բացահայտված թերություններն են:
«Թեեւ հանքավայրերի շահագործման նախորդ` 2001 թվականին կատարված ուսումնասիրությունից հետո ծավալային աճ է գրանցվել, բյուջետային մուտքերն ավելացել են 7 անգամ, սակայն ներկայում արձանագրված վիճակն այնքան բարձիթողի է, որ նույնիսկ այդ տեղաշարժը չեմ կարող բավարար համարել: Այստեղ շատ թույլ վերահսկողություն եւ ստվերային մեծ բաղադրիչ կա», ասել է նախագահը եւ բացատրություն պահանջել ոլորտի պատասխանատուներից:
Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է մեկ ամսում մշակել հանքավայրերի շահագործումը եւ վերահսկումը կանոնակարգող մեխանիզմներ, հստակեցնել գերատեսչությունների պարտականությունների ու պատասխանատվության մասնաբաժինները: Նախագահն առաջարկել է մեկ պատուհանի սկզբունքը կիրառել նաեւ հանքավայրերի շահագործման փաստաթղթային ձեւակերպումների ժամանակ:
Նախագահի վերահսկողական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանի դիտարկումներով հանքարդյունահանողների արատավոր գործողություններին մեծապես նպաստում են անկատար օրենքները:
Նախագահը նշել է, որ 2006 թվականին հանքավայրերը կլինեն վերահսկողական ծառայության ուշադրության կենտրոնում:
Կ.Դ.