Կազիմիրովը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների մասին
Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի օրերս հրապարակած հոդվածը վերաբերում է բանակցային գործընթացի ներկա փուլին ու հեռանկարներին: Մասնավորապես, ելնելով սեփական փորձից, Կազիմիրովը նշում է, որ 2006 թ. մեծ հույսեր է առաջացրել, որոնք, սակայն, մեկ տարվա համար անհնարին է իրականացնել:
Կազիմիրովը հիշեցնում է 18 տարի տեւած հակամարտության ընթացքում ձեռք բերված ընդամենը 3 համաձայնագրերը, որոնցից միայն մեկն է գործում: Մասնավորապես 92 թ. սեպտեմբերի 19-ին Սոչիում Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարների ստորագրած 60 օրով ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնագիրը խախտվել է արդեն իսկ երկու շաբաթ անց: Գործնականում վաղուց չի իրականացվում եւ կա միայն ֆորմալ ձեւով 1995 թ. փետրվարի 6-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ կողմերի անժամկետ պարտավորությունըՙ ստորագրված Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների կողմից: Գործում է միայն 1994 թ. մայիսի 12-ին ստորագրված հրադադարի անժամկետ համաձայնագիրը:
Ըստ Կազիմիրովի, այսքան տարիներին միակ իրական հաջողությունը հրադադարն է ու դրա պահպանումը: «Չնայած միջնորդների բազմամյա փորձերին, կողմերը կարողություն չցուցաբերեցին միմյանց ընդառաջ գնալու, լուծումներ եւ պայմանավորվածություններ ձեռք բերելու ուղղությամբ: Բացի այդ, այդքան ցանկալի, գրեթե անհասանելի համաձայնության ստորագրումը միայն գործի կեսն է. չէ՞ որ պետք է հասնել դրանց անպատճառ կատարմանը, թույլ չտալ նոր կատակլիզմներով հարուստ խզումներ եւ հետընթաց»:
Որպես ձեռք բերված համաձայնության, բայց չիրականացված պարտավորությունների օրինակ, Կազիմիրովը նշում է վերը նշված երեք փաստաթղթերից 1995 թ. փետրվարի 6-ին ստորագրված համաձայնությունը միջադեպերի կարգավորման մասին: Ըստ այդ փաստաթղթի, միջադեպերի ժամանակ կողմերը պետք է մյուս կողմին գրավոր մանրամասն տեղեկացնեին դեպքի մասին եւ կարճագույն ժամկետներում ստանային պատասխանՙ ողջ նամակագրության պատճեններն ուղարկելով միջնորդներին: Հետաքրքրական է, որ, ըստ Կազիմիրովի, այս համաձայնությամբ ստանձնած պարտավորությունների մասին բարձրաձայնել են Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունըՙ արտահայտելով այն դիրքորոշումը, թե պատրաստ են կատարել այդ պարտավորությունները, եթե ադրբեջանական կողմը վարվի նույն կերպ:
Կազիմիրովը զարմանք է հայտնում, որ հիշյալ համաձայնության վերաբերյալ իր բոլոր հրապարակային հոդվածներն ու հիշեցումները մնացել են անպատասխան Ադրբեջանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Միջադեպերի համաձայնագրերի առնչությամբ նշվել է միայն Լոնդոնում 2005 թ. սկզբին Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը:
«Այս ամբողջ սյուժեն ցույց է տալիս, թե ինչ արժեք ունեն այս հակամարտության մեջ փաստաթղթերի տակ դրվող բարձր ստորագրությունները... Ահա այսպիսին են կողմերի համաձայնություններ կնքելու եւ կատարելու, իսկ ԵԱՀԿ-իՙ Ղարաբաղում խաղաղություն բերելու կարողությունները: Յուրաքանչյուր համաձայնագիր ստորագրելուց առաջ կողմերից պետք է մանրամասն ճշտել, թե ով եւ ինչպես կիրականացնի ստանձնած պարտավորությունները, իսկ միջնորդներից պետք է ճշտել, թե արդյոք ԵԱՀԿ-ն կվերահսկի՞ դրանց կատարումը»:
Ա. Հ.