«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2005-12-28 | #1, 2006-01-10 | #2, 2006-01-11


ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ ԼՈՐԴ ՋՈՆՍՈՆԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՔՆՆԱՐԿՎԵՑ

Հայկական եւ ադրբեջանական կողմերը գոհ են, պարզ չէՙ ինչպե՞ս

Հունվարի 9-ին Փարիզում տեղի է ունեցել Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը եւ Շավարշ Քոչարյանը: Ըստ Արմենպրեսին տված հարցազրույցի, Շավարշ Քոչարյանը նշել է, որ նիստում ներկայացվել է հանձնաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսոնի զեկույցի նախագիծը հակամարտության կարգավորման ուղղությամբ կատարված աշխատանքի մասին:

Հայկական պատվիրակությունը ներկայացրել է հինգ առաջարկ, ընդունվել է երեքը, իսկ ադրբեջանական կողմը որեւէ առաջարկ չի ներկայացրել: Ըստ Շավարշ Քոչարյանի, զեկույցի նախագծում դրական տեղաշարժ է այն, որ նշվում է երկու սկզբունքներիՙ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման մասին: Ինչ վերաբերում է զեկույցի նշանակությանը, ապա ըստ Շավարշ Քոչարյանի, զեկույցը որպես փաստաթուղթ ներկայացվելու է ԵԽԽՎ բյուրոյին, այնուհետեւ վեհաժողովինՙ որպես ընդհանուր զեկույցի մի մաս:

Շավարշ Քոչարյանն Արմենպրեսին տեղեկացրել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովը հավանաբար կշարունակի գործել: Դա կորոշի բյուրոն եւ որոշման դրական ելքի դեպքում հաջորդ նիստը հանձնաժողովը կգումարի մարտի 15-ին:

Հետաքրքրական է, որ հայկական կողմի համար դրական տեղաշարժ համարվող Ռասել Ջոնսոնի զեկույցի նախագիծը բավարար գնահատականի է արժանացել նաեւ ադրբեջանական կողմում: Ըստ ադրբեջանական աղբյուրների, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հայտարարել է, որ լորդ Ջոնսոնի զեկույցի նախագծում արտացոլվել են ադրբեջանական կողմի համար կարեւոր հարցերը, այդ թվումՙ այսպես կոչված ադրբեջանական տարածքների օկուպացիայի, էթնիկ զտման, գաղթականների եւ անօրինական բնակեցումների խնդիրները:

Ըստ Սեիդովի, զեկույցի նախագիծն ընդգրկել է նաեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակի որոնման հարցեր: Մասնավորապես ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Հայաստանի ներկայացուցիչները փորձել են փոփոխություններ մտցնել հատկապես այն հատվածում, որը վերաբերում է հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակներին:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4