«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2005-12-28 | #1, 2006-01-10 | #2, 2006-01-11


ՇԱՐՈՆԻՑ ՀԵՏՈ

Անգլիաբնակ անկախ լրագրող Գուին Դայերը մեր թերթին ուղարկած նոր տարվա իր առաջին թղթակցությունում անդրադառնում է Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի հիվանդության հետեւանքով առաջացած երկրի քաղաքական իրավիճակին:

Ինչքան էլ կառչած մնա իր կյանքին, Արիել Շարոնին քաղաքականությունից հեռացած մարդ պետք է համարել այլեւս: Թե նրա բացակայությունը ինչ նշանակություն կարող է ունենալ տարածաշրջանի համարՙ կախված է այն գնահատականից, որ մարդիկ կտան վերջին երկու տարիներին նրա կատարած արմատական փոփոխություններին:

Եթե, ինչպես Մ. Նահանգների նախագահ Ջորջ Բուշը, մարդիկ հավատան, որ նա «խաղաղության մարտիկ» էր, ապա նրա քաղաքականությունից հեռանալը մեծ հարված կլինի խոստումնալի խաղաղության գործընթացին: Բայց եթե նրանք մտածեն, որ նա երբեք էլ լուրջ չէր վերաբերվում պաղեստինցիների հետ վարած խաղաղ բանակցություններին, այլ պարզապես սահմաններ էր ցանկանում պարտադրել նրանց, ապա նրա հեռանալը իրական հույսեր է ներշնչում, որ վերջապես սայլը տեղից կշարժվի իսրայելա-պաղեստինյան հարցի կարգավորման ոլորտում:

Իսրայելցիներն իրենք էլ չեն կարողանում կողմնորոշվել, թե ո՞րն է իսկական Շարոնը. նա, որ տասնամյակներ շարունակ (սկսած պատանեկության տարիներից) հետամուտ էր եղել արաբներին սպանելու, հրեական բնակավայրեր ստեղծելու գրավյալ տարածքներում, «անուղղակի պատասխանատվություն» կրելու 1982-ին Բեյրութում պաղեստինցիների կոտորածների համար, թե՞ այն մեկը, որ պարտադրեց հրեաներին դուրս գալ Գազայի հրեական բնակավայրերից:

Նույնիսկ իսրայելցի վիպասան Ամոս Օզը, որը հիմնադիրն է «խաղաղությունըՙ հիմա» շարժմանը, տարվել էր Շարոնի նոր կերպարանքով: Անցյալ շաբաթ գրելով «Գարդիան» թերթումՙ նա խոստովանում էր, որ երկար ժամանակ Շարոնը «խորհրդանշում էր ինձ համար այն ամենը որ տանել չէի կարող իմ երկրում. վայրի ինքնարդարացիություն, տարածքների անհագ ագահություն եւ խորհրդավոր կրոնական դարձվածաբանություն: Նա մարմնավորում էր իշխանության ուժի հանդեպ իսրայելցիների ունեցած արբեցնող համոզվածությունը: Բայց երկու տարի առաջ նա հանկարծակի փոխվեց»:

Շարոնը սկսեց պաղեստինյան տարածքների 38-ամյա ռազմական զավթումը ներկայացնել որպես աղետ երկու կողմերի համար: Հետո տեղահանեց Գազայի գոտուց բոլոր 8500 հրեա բնակիչներինՙ անտեսելով իր իսկ «Լիկուդ» կուսակցության անդամների բուռն ընդդիմությունը: Մարդիկ, Օզը ներառյալ, սկսեցին հավատալ, որ Շարոնը իրոք կարող է կայուն խաղաղություն հաստատել պաղեստինցիների հետ: Ըստ վիպասանի, ամբողջ ողբերգությունն այն է սակայն, որ «Շարոնն ընդամենը երկու տարի ուներ քանդելու այն ամենը, ինչ նա արել էր 35 երկար տարիների ընթացքում»:

Մեծ թվով իսրայելցիներ, այնուամենայնիվ, այն կարծիքին են, որ նա երբեք էլ լուրջ մտադրություն չի ունեցել խաղաղության հասնելու: Իսրայելի աջակողմյաններից շատերի նման նա ի վերջո հասկացել էր, որ Իսրայելը չի կարող հավիտյան պահել զավթյալ տարածքները:

Պաղեստինցիների ծնելիության բարձր տոկոսը շուտով ոչ հրեական մեծամասնություն էր կազմելու Իսրայելի իշխանության տակ գտնվող տարածքներում: Բայց նա հավատում էր, որ պետք է պահել այն տարածքները, որտեղ հրեական մեծամասնություն կարելի է ապահովել:

Քանի որ այս մոտեցումը ենթադրում էր, որ Իսրայելի հսկողության տակ պետք է անցնի ամբողջ Երուսաղեմը, նրան շրջապատող ընդարձակ գոտին, գումարած արեւմտյան ափի երեք գլխավոր բնակավայրերը, ոչ մի պաղեստինցի առաջնորդ, ինչքան էլ «չափավոր» լիներ, չէր կարող համաձայնել: Այնպես որ, բնականաբար, բանակցություններ վարելը դառնում էր անիմաստ: Պետք էր ուժ գործադրել: Եվ Շարոնը գործի դրեց ահաբեկչական հարձակումներըՙ որպեսզի չբանակցելու պատրվակ ունենա, նույնիսկ Մահմուդ Աբբասի հետ, որը բոլորի կողմից ընդունված է որպես խիստ չափավոր մի անձնավորություն:

Շարոնը իր մտահղացումներն առաջ տարավՙ կառուցելով այսպես կոչված «անվտանգության պատը», որը մուտք գործելով արեւմտյան ափից ներսՙ Իսրայելին է վերապահում այնտեղի բոլոր գլխավոր բնակավայրերը: Նա շարունակեց դրամական օժանդակություն ցուցաբերել արեւմտյան ափի այն հրեական տարածքներին, որոնք նա ծրագրել էր պահպանել: Բանակցային կարգավորման գործընթացը պետք է առերես պահպանվեր շփոթմունք չառաջացնելու նպատակով: Բայց Շարոնի իսկական ծրագիրը միակողմանի հեռանալն էր անցանկալի տարածքներից եւ սահմանների պարտադրումն այն տարածքների, որ նա մտադիր էր պահպանել:

Ըստ հարցումների, իսրայելցիների մեծամասնությունը ոչ միայն հավատում էր, որ իրականում սա է Շարոնի մարտավարությունը, այլեւ պաշտպանում էր նրան իրականացնելու այդ ծրագիրը, երբ «Լիկուդ» կուսակցության անդամները ընդդիմացան Գազայից դուրս գալու իր ծրագրին, նա պարզապես հեռացավ այդ կուսակցությունից եւ ստեղծեց իր սեփական «Քադիմա» կուսակցությունըՙ վստահ լինելով, որ մարտի 28-ի ընտրություններում հեշտությամբ կվերընտրվի: Հիմա անշուշտ բոլոր երաշխավորություններն ի չիք են դարձել: Եթե ընտրությունները կայանային հաջորդ շաբաթ, «Քադիման» մոտ մեկ երրորդ տեղերը կզբաղեցներ Քնեսեթում եւ կոալիցիա կազմելով կշարունակեր Շարոնի քաղաքականությունը առաջ տանել: Բայց «Քադիման» այնքան նոր է, որ նույնիսկ դեռ կանոնադրություն կամ նոր ղեկավար ընտրելու համաձայնեցված մոտեցում չունի: Իսրայելական քաղաքականությունը եղբայրասպան գործառույթ է, եւ «Քադիման» հեշտությամբ կարող է ինքն իրեն վնասել, այն էլ ճակատագրականորեն, մինչեւ մարտի վերջը: Այդ դեպքում, իհարկե, նոր, հետաքրքրական հնարավորությունների ճանապարհը կհարթվի:

Եհուդ Բարաքի լեյբորիստական կարճատեւ կառավարությունը եթե չհաշվենք, Իսրայելը հիմնականում կառավարել է «Լիկուդ» կուսակցությունը, որը երբեք էլ չի ցանկացել բանակցել պաղեստինցիների հետ: Բայց լեյբորիստական կուսակցությունն առայժմ նոր առաջնորդ ունի, հանձին Ամիր Պերեցի, որը կարծես թե անկեղծորեն շահագրգռված է բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու...

Մի փոքր փոփոխություն իսրայելական ընտրական մտադրություններում, եւ լեյբորիստական կուսակցությունը կարող է դառնալ միակ ամենամեծ կուսակցությունը երկրում, այդ դեպքում Պերեցը կառաջնորդի նոր կոալիցիոն կառավարությունը եւ իսրայելա-պաղեստինյան բանակցություններըՙ հարատեւ խաղաղության վերաբերյալ, վերջապես կմտնեն իրականություն դառնալու սահմաններից ներս: Կես տասնյակի հասնող այլ հնարավոր զարգացումներ էլ կարող են տեղի ունենալ: Այնպես որ դեռ չի եկել ճտերը հաշվելու ժամանակը, բայց հստակ է, որ շատ ավելի պատճառներ կան ներկայումս հույսեր փայփայելու, քան երբեւէ եղել են:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4