«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2005-12-28 | #1, 2006-01-10 | #2, 2006-01-11


ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «ԴՈՅՉԵ» ԵՎ «ԴՐԵԶԴՆԵՐ» ԲԱՆԿԵՐԻ ԴԵՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

«Նյու Յորք լայֆ» եւ «Աքսա» ընկերությունների դեմ անցյալ տարի 37.5 միլիոն դոլարի հատուցման պահանջ ներկայացրած փաստաբանական խումբը, որի անդամներն են «Կիրակոս եւ Կիրակոս», «Կաբատեք Բրաուն Քելներ» եւ «Եղիայան եւ գործակիցներ» իրավաբանական գրասենյակները, առաջիկա ուրբաթ օրը Լոս Անջելեսի կենտրոնում (դաուն թաուն) կազմակերպելու են մամլո ասուլիս գերմանական «Դոյչե» եւ «Դրեզդներ» բանկերի նկատմամբ նույն օրը դատական գործ հարուցելու կապակցությամբ: Ասուլիսին հաջորդելու է բողոքի ցույց նույն վայրում հայկական տարբեր կազմակերպությունների նախաձեռնությամբ: Հայցվորների պնդմամբ, վերոհիշյալ գերմանական բանկերը սիստեմատիկ մերժում են հատուցում տալ 1915 թ. ցեղասպանությունից առաջ իրենց հայ ավանդատուների ժառանգներին: Ավելինՙ փաստաբանական վերոհիշյալ խումբը «Դոյչե» եւ «Դրեզդներ» բանկերից վնասուց հատուցում է պահանջում ցեղասպանության ընթացքում թուրքական կառավարության կողմից հայերից բռնախլված գույքի եւ կալվածների դիմաց: «Դոյչե» բանկը փաստորեն ֆինանսավորել է թուրքական կառավարությանը հայերին կոտորելու գործումՙ վերոհիշյալ կողոպտված հայապատկան գույքերի դիմաց: Ասուլիսն ու բողոքի ցույցը տեղի են ունենալու հունվարի 13-ին, կեսօրին, ժամը 12-ին: Գլխավոր հյուր-բանախոսներն են լինելու Մ. Նահանգներում շատ հայտնի փաստաբաններ Մարկ Կիրակոսը, Բրայըն Կաբատեքը եւ Վարդգես Եղիայանը: Ցույցի մասնակիցներին ձրիորեն ճաշ է մատակարարելու «Զանգու չիքըն» հայտնի ընկերությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4