«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2005-12-28 | #1, 2006-01-10 | #2, 2006-01-11


ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՀՈԼԱՆԴԻԱՅԻՑ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ՄԵՐ ՀԱՐՑԻՆ

Երեկ խմբագրությունը ինտերնետով մեկ հարց է տվել Հոլանդիայում գտնվող մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի հավակնորդ համարվող ԻՄ-ի ղեկավար Պարույր Հայրիկյանին, պարզելու, թե որքանով են համապատասխանում պտտվող լուրերը իրականությանը: Պարույր Հայրիկյանից ստացանք պատասխանը, որը մեր ընթերցողներին ենք ներկայացնում մասնակի. «Լուրերի հիմքում երկու պատկերացում կա` առարկայական եւ ենթակայական... Հազիվ թե մարդկանց հիմնական մասը տեղյակ լինի, որ ես անմիջական հրավեր ստացել եմ եւ մերժել դեռեւս այդ պաշտոնի հաստատումից առաջ»: Այնուհետեւ պրն Հայրիկյանը ավելացրել է. «Ներկայումս գործազուրկ եմ (նույնիսկ պատգամավոր չեմ) եւ բնականաբար կարծում եմ, որ ես էլ պիտի լինեի մարդու իրավունքների պաշտպանը: Կան նաեւ իրենց մակարդակով երեւույթներին անդրադարձող («ամեն ինչ գնվում է եւ վաճառվում» պատկերացմամբ ապրող) մարդիկ, որ 1998 թ. մեր նախաձեռնած եւ ցավոք այս անգամ էլ ոչ առանց մտահոգություններ առաջացնող դրսեւորումների անցկացված սահմանադրական բարեփոխումներում ԻՄ-ի եւ նրա ղեկավարի սկզբունքային դիրքորոշումն ընկալեցին որպես նահանջ, որն իրենց պատկերացմամբ պետք է վարձատրվի: Ենթակայական պատճառներ փնտրող այս մարդիկ այսպես էլ չհասկացան, որ ի դեմս Հայրիկյանի նրանք գործ ունեն մեկի հետ, որը 20 տարուց ավելի ժամանակավորապես, անգամ ամենաթանկ բանի` ազատության համար չի հրաժարվել իր սկզբունքներից: Ճիշտ կլիներ Վարդան Հարությունյանի նշանակումը, սակայն... Ես այժմ շատ լուրջ առաքելությամբ եմ գտնվում արտասահմանում եւ երբ այստեղից (Հոլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ) վերադառնամ, այդ պաշտոնում արդեն նշանակված կլինի մեր Ազգային ժողովին արժանի պաշտպանը: Այնպես որ, տիկնայք եւ պարոնայք, այս հարցի առնչությամբ հուզվելն անտեղի է: Հարգանքներով` Պարույր Հայրիկյան»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4