Հայաստանի ֆուտբոլային թիմերից առաջինը մրցասպարեզ կմտնի Երեւանի «Փյունիկը», որը կմասնակցի հունվարի 14-ին Մոսկվայում մեկնարկելիք «Համագործակցության գավաթի» մրցաշարին: Հայաստանի չեմպիոնն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Սոչիում: Մարզումներին զուգահեռ փյունիկցիներն ընկերական երկու հանդիպում կանցկացնեն:
Թիմի կազմում «Համագործակցության գավաթի» մրցաշարին կմասնակցի «Բանանցի» հարձակվող Տիգրան Ղարաբաղցյանը, որը ցանկություն է հայտնել տեղափոխվելու «Փյունիկ»: Իսկ ահա փորձառու պաշտպան Ալեքսանդր Թադեւոսյանը հնարավոր է չմասնակցի մոսկովյան մրցաշարին: Նա վերջերս փորձաշրջան է անցել Խարկովի «Մետալիստում»:
Սոչիում մարզումներին զուգընթաց «Փյունիկը» ծրագրել է ընկերական 2 հանդիպում անցկացնել: Առաջինը արդեն կայացել է: Փյունիկցիները 3-2 հաշվով հաղթել են Վոլգոգրադի «Օլիմպին»: «Փյունիկի» կազմում նորամուտը խփած 2 գոլով է նշել Տիգրան Ղարաբաղցյանը: Մեկ գոլ էլ իր օգտին է գրանցել Մխիթար Գրիգորյանը: Այսօր հայ ֆուտբոլիստները Սոչիում կանցկացնեն ստուգողական 2-րդ հանդիպումը: «Փյունիկն» ուժերը կչափի «Սոչի-04» թիմի հետ: Հունվարի 13-ին թիմը Սոչիից կմեկնի Մոսկվա, որտեղ հաջորդ օրը «Համագործակցության գավաթի» մրցաշարի մեկնարկային խաղում կհանդիպի Լիտվայի փոխչեմպիոն «Կաունասի» հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ