«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2006-01-11 | #3, 2006-01-12 | #4, 2006-01-13


ՌԱՍԵԼ-ՋՈՆՍԹՈՆԻ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԵԼ Է ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

Տիգրան Թորոսյանի ասուլիսը

Ուղիղ մեկ տարի առաջՙ 2005 թվականի հունվարին ԵԽԽՎ-ն ընդունեց թիվ 1416 բանաձեւը, որի կետերից մեկում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություններին կոչ էր արվել ավելի շատ ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով: Վեհաժողովում Մինսկի խմբի անդամ պետությունների պատվիրակություններին առաջարկվել էր տրամադրել տարեկան զեկույցներՙ այդ ուղղությամբ իրենց կառավարությունների գործողությունների վերաբերյալ: Ամփոփելով կուտակած տվյալներըՙ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ լորդ Ռասել-Ջոնսթոնը պատրաստել էր ամփոփիչ զեկույց, որը քննարկվել է հունվարի 9-ին Փարիզում:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ Ռասել-Ջոնսթոնի ամփոփիչ զեկույցը խորհրդարանական վեհաժողովի կամ Եվրոխորհրդի փաստաթուղթ չէ, այլ հերթական զեկույց: Այն պետք է ներկայացվի բյուրոյին, ներառվի ընդհանուր հաշվետվության մեջ եւ նոր ներկայացվի վեհաժողովին: Փաստաթղթին պետք է վերաբերվել այս հանգամանքները հաշվի առնելով:

Զեկույցում ղարաբաղյան խնդրի լուծման ուղիների մասին չի խոսվում, նշվում է, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այս հանգամանքը Տիգրան Թորոսյանը համարում է կարեւոր: Ըստ խորհրդարանի փոխնախագահի, կարեւոր է նաեւ փաստաթղթում ազգերի ինքնորոշման սկզբունքի ամրագրումը: Ի դեպ, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի համար չափազանց կարեւոր այս կետի վերաբերյալ ադրբեջանական կողմը որեւէ առաջարկ չի ներկայացրել, չի խոսվել նաեւ Մինսկի խմբի ոչ արդյունավետ աշխատանքի վերաբերյալ արդեն ավանդական դարձած ադրբեջանական դիրքորոշման մասին: Տիգրան Թորոսյանի համոզմամբ, սա խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմին փաստաթղթի բովանդակությունը չի հետաքրքրում: Հայտարարություններն էլ միտված են ներքին քաղաքական խնդիրներ լուծելուն: Նույն տեսանկյունից բանախոսը վերաբերվում է նաեւ թեմայի շուրջը Հայաստանից եւ Ադրբեջանից հնչող իրարամերժ հայտարարություններին եւ առաջարկում փաստաթղթի հրապարակումից հետո ընդամենը ծանոթանալ դրան:

Ինչպես հայտնի է, հունվարի 23-27-ը կայանալու է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի ընթացքում ներկայացվելու է նաեւ մեր երկրում անցկացված հանրաքվեի մասին զեկույցի վերաբերյալ տեսակետը: Տիգրան Թորոսյանը հայտնեց, որ հանրաքվեի առանձին քննարկում, բանաձեւ չեն լինելու, չեն լինելու նաեւ առաջարկություններ եւ բանաձեւի քվեարկություն: Ըստ Տիգրան Թորոսյանի, հատուկ վերաբերմունք չի լինի, որովհետեւ ներկայացված է որպես սովորական զեկույց: Հայաստանում կայացած հանրաքվեի մասին զեկույցի եզրակացություններում կա պահանջ խախտումների հետ կապված պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Ըստ Տիգրան Թորոսյանի, մեր երկրի նկատմամբ որեւէ պատժամիջոց չի նախատեսվում: Նա նշեց, որ դեռեւս չկա Ադրբեջանի ընտրությունների վերաբերյալ զեկույց: Նրա խոսքով, բյուրոն դեռեւս վերջնականապես չի կողմնորոշվելՙ ինչ անել այս հարցի առնչությամբ, որովհետեւ զեկուցողները բազմիցս հայտարարել են, որ, իրենց կարծիքով, հունվարյան նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չպետք է հաստատվեն:

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4