«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2006-01-11 | #3, 2006-01-12 | #4, 2006-01-13


ՍԵԶԵՐԸ ԲԱՔՈՒ ԿԱՅՑԵԼԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-25-Ը

Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, Ադրբեջանի արտգործնախարարությունից որոշ աղբյուրներ տեղեկացրել են, որ, ճշտված տվյալներով, Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցը տեղի կունենա հունվարի 23-25-ը: «Թուրան» գործակալության հաղորդմամբ, դիվանագիտական աղբյուրները տեղեկացնում են, որ այցելության ընթացքում ենթադրվում է հարցերի լայն շրջանակի քննարկում, մասնավորապես երկկողմ հարաբերությունների, ղարաբաղյան կարգավորման, Հյուսիսային Կիպրոսի, էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերի իրականացման հարցեր:

Նախատեսվում է, որ ուշադրության կենտրոնում կլինեն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի եւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությանը վերաբերող նախագծերը:

Տեղական փորձագետները ենթադրում են, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի «գազային պատերազմից» հետո Անկարան լրջորեն մտահոգված է նմանօրինակ իրավիճակի կրկնությամբ արդեն Թուրքիայում, որը ռուսական գազ է ստանում «կապույտ հոսք» խողովակաշարով: Սեզերն ամենայն հավանականությամբ Ալիեւի հետ կքննարկի «Շահ-Դենիզ» գազային հանքավայրի մշակման արագացման եւ անդրկասպյան գազամուղի գաղափարի վերակենդանացման հարցերՙ թուրքմենական գազը Թուրքիա, այնուհետեւ նաեւ Եվրոպա հասցնելու նպատակով:

Ադրբեջանական «525-րդ» թերթի գնահատմամբ, նախկինում թուրք պաշտոնատար անձինք բարձրացնում էին Ադրբեջանում ժողովրդավարության հարցեր, սակայն Բաքու-Ջեյհան եւ Բաքու-Էրզրում էներգետիկ նախագծերի իրականացմանը վերաբերող որոշումների ընդունումից հետո Անկարան նախընտրում է չհիշել ժողովրդավարության մասին:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4