Վստահեցնում են ղեկավարները
«Մեր եւ հայաստանյան մյուս երկու խոշոր թռչնաֆաբրիկաներում թռչնագրիպի վտանգ չկա, քանի որ աշխատում ենք փակ տնտեսություններում», վստահեցնում է «Մաքս գրուպի» նախագահի խորհրդական Հայկ Մարտիրոսյանը: «Ազգին» նա տեղեկացրեց, որ ինչպես «Լուսակերտ» տոհմային թռչնաֆաբրիկայում, այնպես էլ «Արաքս» եւ «Արզնի» թռչնաֆաբրիկաներում արտադրական փակ ցիկլը բացառում է վարակի տարածումը. այստեղ շատ մեծ ուշադրություն է դարձվում սանիտարահիգիենիկ նորմերին, անվտանգությանը, թռչունները ողջ տարին փակ տարածքից ելումուտի հնարավորություն չունեն, իսկ աշխատակիցներն ամեն անգամ ֆաբրիկա են մուտք գործում հագուստն ախտահանելուց հետո:
«Մարդիկ, որ նախընտրում են տնական հավը կամ ձուն, որքանո՞վ են վստահ, որ կենդանին ժամանակին եւ անհրաժեշտ բոլոր պատվաստումները ստացել է, վտանգավոր սնունդ չի ընդունել: Այս 2-3 տարիներին, ինչ թռչնագրիպը սկսել է տարածվել, որեւէ երկրի խոշոր ֆաբրիկայում նման դեպք չի արձանագրվել: Դա միշտ տեղի է ունենում գյուղական համայնքներում, փոքր կամ միջին տնտեսություններում», ասաց նա: Հայկ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ անվտանգության միջոցառումները խստացրել են անցյալ տարվա օգոստոսի 4-ից, եւ հիմա հատուկ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն չունեն:
Նա դժվարացավ հստակ նշելՙ վիրուսի մասին աղմուկն ավելի շատ բացասական է անդրադառնում հավի, թե՞ ձվի սպառման վրա, քանի տոկոս է կազմում ազդեցությունը, քանի որ տոներից հետո վաճառքը նոր են սկսել: Սակայն տեղեկացրեց, որ ամեն դեպքում բացասական ազդեցություն կա: Պրն Մարտիրոսյանի հավաստմամբՙ այս իրավիճակը մեծ արտադրողների համար այդքան էլ լուրջ չէ, իսկ արտադրանքի գների նվազեցումն ավելի շատ «հետտոնական» գործընթաց է, ինչը հատուկ է ամեն տարվան:
Թ. Մ.