«Համագործակցության գավաթի» մրցաշարին նախապատրաստվող Երեւանի «Փյունիկը» Սոչիում անցկացրած երկրորդ ստուգողական հանդիպումն էլ իր օգտին ավարտեց: Հայաստանի չեմպիոնի մրցակիցն էր «Սոչի-04» թիմը: Մեր ֆուտբոլիստները խաղը շահեցին 3-1 հաշվով: «Փյունիկից» երկու գոլ խփեց Գեւորգ Ղազարյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Նորայր Սահակյանը:
Այսօր «Փյունիկը» Սոչիից կուղեւորվի Մոսկվա, որտեղ վաղը մեկնարկում է «Համագործակցության գավաթի» 14-րդ խաղարկությունը: Թիմի կազմում Սոչիում ուսումնամարզական հավաքին մասնակցեցին 19 ֆուտբոլիստներ, որոնց թվում չէին «Փյունիկին» հրաժեշտ տված Տիգրան Դավթյանը, Գեւորգ Նռանյանը, Վահե Մեհրաբյանը, Ռոբերտ Ամիրյանը, Անդրանիկ Թադեւոսյանը, ինչպես նաեւ վնասվածքների պատճառով բացակայող Ալեքսանդր Պետրոսյանը: Փոխարենը հավաքին մասնակցեց «Բանանցից» հրավիրված Տիգրան Ղարաբաղցյանը, որը «Օլիմպի» հետ կայացած ստուգողական առաջին խաղում իր նորամուտը թիմի կազմում նշել էր խփած 2 գոլով: Ինչ վերաբերում է թիմի փորձառու պաշտպան Ալեքսանդր Թադեւոսյանին, ապա վերջինս եւս չմասնակցեց հավաքին: Նա իր թիմակիցներին կմիանա Մոսկվայում:
Ի դեպ, ՖԻՖԱ-ն 100 հազար դոլար է հատկացրել «Համագործակցության գավաթի» կազմկոմիտեին: Շաբաթ օրը ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն ու գործկոմի անդամ Միշել Պլատինին ներկա կգտնվեն մոսկովյան մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: 100 հազար դոլար էլ հատկացրել է «Տրանստելեկոմ» ընկերությունը, որը վերջերս հովանավորչական պայմանագիր է կնքել ՌԴ ֆուտբոլային միության հետ: Եվս 50 հազար դոլար կհատկացնի Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն: Այնպես որ այսօրվա դրությամբ մրցաշարի մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է: Բացառված չէ, որ մինչ մեկնարկը հաջողվի եւս մի քանի հովանավորներ գտնել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ