«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2006-01-13 | #5, 2006-01-14 | #6, 2006-01-17


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ

Երկկողմանի հարաբերություններից մինչեւ նոր ճանապարհներ

Երեկ երկօրյա այցով Հայաստան ժամանած Վրաստանի արտգործնախարար Գեյա Բեժուաշվիլուն ընդունեց մեր երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանը: Իբրեւ Վրաստանի ԱԳ նախարար սա պրն Բեժուաշվիլու առաջին այցն էր Հայաստան: Վարդան Օսկանյանի գնահատմամբ, երկու երկրների ներկայացուցիչները «բավական խորքային» քննարկումներ են ունեցել Հայաստան-Վրաստան օրակարգային բոլոր հարցերի շուրջը: «Կարող եմ ասելՙ բավական հետաքրքրական զրույց ենք ունեցել կոնֆլիկտների առնչությամբ: Ես նախարարին մանրամասն տեղեկացրել եմ ԼՂ հարցի վերջին զարգացումներին, բացատրել այսօր ԼՂ հարցի շուրջը գոյություն ունեցող դրական միտումների եւ լավատեսության մասին», երկու նախարարների մամուլի ասուլիսին հայտարարեց Վարդան Օսկանյանը: Նա նշեց, որ պրն Բեժուաշվիլին տեղեկացրել է իրենց կոնֆլիկտների մասին, հատկապեսՙ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի:

Վարդան Օսկանյանը նշեց, որ իր վրացի գործընկերը որոշ լավատեսություն ունի երկաթգծի բացման հնարավորությունների վերաբերյալ, չնայած դեռեւս առկա են չլուծված որոշ խնդիրներ:

«Վրաստանն Ադրբեջանի եւ Հայաստանի հետ իր հարաբերությունները զարգացնում է ինչպես հարեւաններ: Վրաստանի տարածքով անցնում են մի քանի կարեւորագույն էներգետիկ միջանցքներ, որոնք ոչ թե տնտեսության, այլ մեծ մասամբ անվտանգության իմաստով չափազանց կարեւոր են մեր երկրի զարգացման համար: Դա չի նշանակում, որ այսօր Հայաստանի հետ չպետք է կառուցենք ռազմավարական հարաբերություններ», ի տարբերություն Հայաստանի, Վրաստանիՙ Ադրբեջանի հետ հարաբերությունները «ռազմավարական» գնահատելու մասին լրագրողներից մեկի դիտարկմանը պատասխանեց Վրաստանի արտգործնախարարը:

Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի հնարավոր հեռանկարը

Մեր երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ գործընկերոջ հետ քննարկել են Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի հարցը: Նա նշեց, որ ներկայացրել է մեր երկրի դիրքորոշումը: «Եթե կա մի երկաթգիծ, որը կարող է ծառայել այն նպատակին, որի համար մեծ գումարներ են փորձում ծախսել եւ սպասել 1-2 տարի, պարզապես իմաստ չունի նման քայլի գնալ: Եթե Թուրքիայի խնդիրն այն է, որ Հայաստանը Ղարաբաղի հարցի պատճառով տնտեսական որեւէ օգուտ չունենա, մենք ասել ենքՙ Հայաստանը պատրաստ է իր բեռները չտեղափոխել», նշեց Օսկանյանը: Նա ավելացրեց, որ քննարկվել են նաեւ Կենտրոնական Ասիայից բեռների ծավալի հնարավոր մեծացման եւ երկրորդ երկաթգծի անհրաժեշտության հնարավորությունը, սակայն այսօր դեռեւս այդ ծավալը չկա:

«Մենք երբեք չենք մտածել այնպիսի մի ծրագրի մասին, որը կմեկուսացներ մեր հարեւաններին: Վրաստանն, ինչպես տարանցիկ երկիր, այսպիսի յուրաքանչյուր ծրագիր դիտարկում է իբրեւ տարանցիկ հանրապետության զարգացման մաս»: Հարցին, եթե Հայաստանը որոշի Գյումրի-Նինոծմինդա երկաթգիծ կառուցել, ինչպե՞ս կարձագանքի Վրաստանը, պրն ԲԵժուաշվիլին պատասխանեց. «Մենք, իհարկե, չենք խոչընդոտի որեւէ ծրագրի, եթե այն նպաստելու է մեր ճանապարհների օգտագործման ընդլայնմանը: Նա նշեց, որ այսօր ուսումնասիրվում է այդ ճանապարհի տնտեսական ցուցանիշը եւ, իր իսկ տեղեկության համաձայն, կառուցումը դեռ չի սկսվել:

Վրաստանը կքննարկի Իրանից Հայաստանով գազ ներմուծելու տարբերակը

Վարդան Օսկանյանը նշեց, որ եթե երկու երկրների հարաբերությունները հիմնված են անվտանգության խնդիրների վրա, դրանք ռազմավարական են: Ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, այստեղ գազի գները «լուրջ շեղումներ չպետք է բերեն, քանի որ անվտանգության, հատկապես պաշտպանության հարցերում մեր խնդիրները եւ ընդհանուր շահերը նույնն են»: Նա խորհուրդ տվեց չշտապել ռազմավարական հարաբերությունների վերանայման եւ գազի գնի վերաբերյալ եզրակացություններ անել:

Բեժուաշվիլին ներկայացրեց հարցի վերաբերյալ Վրաստանի տեսակետն, ըստ որի գնի բարձրացումը քաղաքական որոշում է, սակայն իրենք պատրաստ են վճարել այդ գինըՙ ինքնուրույն քաղաքականություն վարելու համար: Նա նշեց, որ իր տեղեկության համաձայն, այսօր հնարավոր չէ Իրանից Հայաստանով գազ ներմուծել Վրաստան, սակայն երբ գազատարը պատրաստ լինի, կքննարկեն այդ տարբերակը եւս:

Բանակցությունների առնվազն 1-2 փուլ է անհրաժեշտ

Երկու երկրների նախարարների հավաստիացմամբ, այսօր շարունակվում են Հայաստանի եւ Վրաստանի համար կարեւորՙ երկու երկրների սահմանագծման աշխատանքները: Վարդան Օսկանյանը նշեց, որ, իհարկե, կան որոշ տարբերություններ երկրների մոտեցումներում, սակայն, կարծում է, որ քաղաքական կամքի դրսեւորման արդյունքում հարցը կարելի է հանգիստ լուծել: «Սպասենք առնվազն 1-2 փուլ, ինչից հետո, կարծում եմ, անհրաժեշտության դեպքում, կարելի է նույնիսկ ավելի բարձր մակարդակի որոշումներ կայացնել», նշեց Օսկանյանը: Գեյա Բեժուաշվիլին համոզմունք հայտնեց, որ սահմանները պետք է բաց, սակայն հստակ լինեն:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4