Ադրբեջանի էկոլոգիայի եւ բնական ռեսուրսների նախարարության շրջակա միջավայրի աղտոտման մոնիտորինգային կենտրոնը հրապարակել է Քուռի եւ Արաքսի աղտոտվածության աստիճանի հետազոտման արդյունքները: Ըստ «Ազերիպրես» գործակալության, Քուռի ընդհանուր աղտոտվածության մակարդակը շատ բարձր էՙ աղտոտվածության տարբեր աստիճան ունենալով գետի տարբեր հատվածներում: Հիմնական աղտոտիչները նավթն ու նավթամթերքներն են, սինթետիկ նյութերը, ծանր մետաղները, տարբեր օրգանական նյութերը եւ այլն:
Ադրբեջանի էկոլոգիայի նախարարության տվյալներով, կեղտոտված են Քուռի հոսանքի վերին եւ միջին հատվածները: Վերին հատվածը Վրաստանի եւ Հայաստանի տարածքով անցնելիս ենթարկվում է անդրսահմանային աղտոտման: Քուռի վտակները Վրաստանում եւ Հայաստանում աղտոտվում են կենցաղային թափոններով, շինարարական աղբով, պարարտանյութերով եւ այլն:
Արաքս գետն, ըստ Ադրբեջանի էկոլոգիայի նախարարության մոնիտորինգի, ավելի մեծ աղտոտվածություն ունի, քան Քուռը, դրանում մեծ բաժին ունի անդրսահմանային աղտոտումը Հայաստանում: Հայաստանի տարածքում Արաքս թափվող մի քանի գետեր, ըստ Ադրբեջանի, աղտոտվում են մետալուրգիական գործարանների թափոններով:
Փաստորեն ստացվում է, որ Քուռն ու Արաքսը, ըստ Ադրբեջանի, մեծապես աղտոտված են հասնում Ադրբեջան եւ դրանում մեղքի մեծագույն բաժին ունի Հայաստանը: Հետաքրքրական է, որ էկոլոգիական մոնիտորինգի ժամանակ, մասնավորապես Արաքսի աղտոտվածության հարցում որեւէ դիտարկում չի իրականացվել թուրքական կողմից գետն աղտոտելու առնչությամբ: Մանավանդ, որ լինելով սահմանային գետ, Արաքսը համատեղ է օգտագործվում:
Իհարկե, դրական է, որ Ադրբեջանը հետաքրքրված է էկոլոգիական այնպիսի խնդրով, ինչպիսին Արաքս եւ Քուռ գետերի մաքրությունն է, բայց տվյալ դեպքում քաղաքականությունը տեղին չէ, քանի որ սահմանային գետի աղտոտվածությունը միայն Հայաստանով չի կարելի պայմանավորել:
Ա. Հ.