Կառուցապատման աշխատանքներ կսկսվեն Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն եւ գինու կոմբինատին հարող տարածքներում
Այս տարի Երեւանում կշարունակվեն նախորդ տարի սկսված կառուցապատման ծրագրերը եւ կսկսվեն նորերը: Այդ մասին երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Նա մասնավորապես հայտնեց, որ Հյուսիսային պողոտայի հիմնական կառույցների շինարարությունն այս տարի կավարտվի, իսկ 2007 թ.-ին կմնան բարեկարգման աշխատանքները: Այս տարի կսկսվի եւ 2008 թ.-ին կավարտվի Գլխավոր պողոտայի կառուցապատումը: Անցյալ տարի նախագծային աշխատանքներն ավարտվել եւ մրցույթներ են հայտարարվել Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարող 3,5 հա, գինու կոմբինատիՙ դեպի Հրազդանի ձորն ընկած տարածքների կառուցապատման համար: Ըստ գլխավոր ճարտարապետի, 1-2 ամսվա ընթացքում այս վայրերում նույնպես կսկսվի իրացումը, այնուհետեւ շինարարությունը:
Իրացման գոտի հայտարարված եւ դեռեւս աշխատանքներ չսկսած երեք տարածքներից (Կոնդ, Կոզերն, Ֆիրդուսնոց) երկուսումՙ Կոզերնում եւ 30-րդ թաղամասում (Ֆիրդուսնոցում) եկող տարի նախատեսվում է սկսել այդ գործընթացը եւս: Առաջիկա երկու ամսում մրցույթ կհայտարարվի Ֆիրդուսնոցի համար, իսկ Կոզերնումՙ նույն ժամանակահատվածում ճշտվելու են կառուցապատման նախագծի հետ կապված որոշ հարցեր, որից հետո այստեղ նույնպես մրցույթներ կհայտարարվեն: Այն հարցին, թե ի՞նչ է լինելու Կոզերնում արդեն կառուցված նորակառույց առանձնատների ճակատագիրը, Սամվել Դանիելյանը պատասխանեց, որ, բնականաբար, նպատակահարմար չի լինի դրանք քանդել, քանի որ այդ առանձնատները «կարող են գտնել իրենց տեղը կառուցապատման մեջ»: Այս թաղամասում կառուցապատման համար ընտրվելու է առանձնատների եւ միջին հարկայնություն ունեցող շենքերի համադրությունը: Ֆիրդուսնոց կոչվող տարածքի կենտրոնում կկառուցվի խոշոր առեւտրի սրահ, իսկ դեպի փողոցն ընկած հատվածներումՙ բնակելիներ:
Իրացման գոտիներում բնակվողներին կառաջարկվի ոչ միայն ֆինանսական փոխհատուցում, առաջարկվելու է նաեւ բնակարանային փոխհատուցում: Նման մոտեցում կիրառվել է, օրինակ, Հանրապետության 51 եւ 53 հասցեների բնակիչներին:
Գլխավոր ճարտարապետը տեղեկացրեց նաեւ, որ Մոսկվայի տան շինարարությունը գինու կոմբինատի հարեւանությամբ մինչեւ այս տարվա սեպտեմբեր կավարտվի: Քաղաք մտնող 4 հիմնական մայրուղիների համար մշակվել են համապատասխան էսքիզային նախագծեր եւ ներկայացվել կառավարության հաստատմանը: Նախատեսվում է վերակառուցել նաեւ ներքաղաքային մի շարք, այդ թվումՙ Նար-Դոսի եւ Կոմիտասի փողոցները:
Կարեւորելով Երեւանի գլխավոր հատակագծի հաստատումը, Սամվել Դանիելյանը հայտնեց, որ պետք է ընդունվեն դրան հաջորդող մի շարք այլ փաստաթղթեր: Մասնավորապես Երեւանի ագլոմերացիայի, Երեւանի քաղաքամերձ գոտու, կանաչապատման եւ մի շարք այլ նախագծերը: Գլխավոր ճարտարապետը տեղեկացրեց, որ կանաչապատման համար 15 տարածքներ են հատկացված քաղաքի տարբեր հատվածներում: Դրանցից տասըՙ Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարածքում: Բացի այդ, ստեղծվել է հանձնաժողով, որը իրականացնելու է գլխավոր հատակագծով նախատեսված միջոցառումները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ