«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2006-01-13 | #5, 2006-01-14 | #6, 2006-01-17


ԳԱԶԻ ԳՆԻ ՀԱՐՑՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ԵՐԵՎԱՆԻՆՆ ԷՐ

Ըստ Վիկտոր Յակուբյանի, «Գազպրոմը» ներկայումս միայն պատասխանում է

Հայաստան մատակարարվող գազի սակագները բարձրացնելու «Գազպրոմի» մտադրությունների մասին հայ եւ ռուս քաղաքագետների եւ փորձագետների դատողությունները հեռու չեն մնում էմոցիաներից եւ իրականությունը չի տրվում տրամաբանական, ժամանակագրական շղթայով: «Ռեգնում» գործակալության հաղորդմամբ, նման կարծիք է հայտնում Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Վիկտոր Յակուբյանը:

Ըստ փորձագետի, Հայաստան մուտք գործող գազի գնի բարձրացման մտադրությունը դիտարկվում է կամ քաղաքական ոլորտում ռուս-հայկական համագործակցության, կամ ռուս-վրացական քաղաքական հակասությունների համատեքստում: Այս տրամաբանության համաձայն, Մոսկվան չպետք է բարձրացնի գազի գինը, հաշվի առնելով Երեւանի դիրքորոշումը կամ էլ գազի գինը կարող է բարձրանալ այնքան, որ չհասնի Վրաստանի համար նախատեսվածին:

Այն ենթադրությունը, թե «Գազպրոմը» կարող է համարվել «քաղաքական» կազմակերպություն եւ Հայաստան մատակարարվող գազի գինը թողնել անփոփոխ, պետք է դիտարկել Ռուսաստանի եւ Հայաստանի համար դիվիդենտների տեսակետից: Վիկտոր Յակուբյանը գտնում է, որ Ռուսաստանի դեպքում դիվիդենտները հավասար են 0-ի: Հատկապես հաշվի առնելով, որ տասնյակ տարի Հայաստան արտոնյալ սակագնով մատակարարվող ռուսական գազի գնի հնարավոր բարձրացման առաջին իսկ հայտարարությանն ի պատասխան Երեւանը բարձրաձայնեց ռուսական ռազմական բազաների վարձավճարի հաստատման հավանականությունը:

Ստացվում է, որ Ռուսաստանն ստիպվա՞ծ է արտոնյալ սակագին սահմանել գազի համար: Ավելին, փորձագետի դիտարկմամբ, հայ քաղաքական գործիչներն արդեն գրեթե չեն օգտագործում ռազմավարական գործընկերություն արտահայտությունը Ռուսաստանի նկատմամբ:

Գազի նախկին գնի պահպանումը շարքային հայ սպառողի եւ ռուսաստանյան սեփականատերերին մեծ մասամբ պատկանող էներգատար խոշոր արտադրությունների ուղղակի շահն է: Այսինքնՙ գազի գինը չի որոշում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, կարեւոր դեր է խաղում տնտեսական եւ սոցիալական կայունության ապահովման հարցում: Այս առումով Հայաստանի կառավարությունը խոստացել է գտնել անհրաժեշտ դոտացիաներ: Մյուս կողմից, եթե Ռուսաստանը բացահայտ գնային տարբերակում դնի Հարավային Կովկասի երկրների միջեւ, միջազգային հանրությունը կմեղադրի Ռուսաստանին:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ուրախանալու առիթ չկա տարբերակման «մեղավոր» դառնալով: Նախ Վրաստանը բազմակի կբարձրացներ տարանցման սակագները, ինչն արդեն բարձրացվել է 6 անգամ, եւ Երեւանը որեւէ քննադատության չի արժանացրել: Երկրորդ, շատ քաղաքական ուժեր մեքենայությունների առարկա չէին ունենա: Ռուսական բազաները հանելու հարցն էլ կմղվեր հետին պլան:

Բացի այդ, «Հայաստանը տարանցման երկիր» գաղափարը շահավետ չէր լինի, նկատի ունենալով Իրան-Հայաստան-Վրաստան-Ուկրաինա-Եվրոպա գազատարի հնարավոր սցենարը: Կա նաեւ տնտեսական «ինտրիգ»: Որոշ մեկնաբանների կարծիքով, Ռուսաստանը դիտավորյալ է Հայաստանին գցել վատ վիճակի մեջՙ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկին եւ Հայաստանի գազատրանսպորտային համակարգին տիրելու համար: Այդ դեպքում պարզ չէ, թե ինչո՞ւ է «Գազպրոմը» գնում նման քայլերի, նկատի ունենալով «ՌԱՕ ԵԷՍ»-ի ներկայությունը Հայաստանում: Ամեն դեպքում 5-րդ բլոկի շինարարության ավարտը, ինչպես նաեւ հայկական գազային ցանցերի թողունակության մեծացման նախագիծը սերտորեն կապված են Իրան-Հայաստան գազատարի շինարարության հետ: Ռուսաստանին պարզապես չեն ցանկանում մոտ թողնել այդ նախագծին:

Երբ «Գազպրոմը» եւ «ՌԱՕ ԵԷՍ»-ը հայտարարեցին Հրազդանի ՋԷԿ-ին եւ հայ-իրանական գազատարի հայկական հատվածի շինարարության տենդերին մասնակցելու մտադրության մասին, համապատասխան իրավունքները փոխանցվեցին իրանական ընկերություններին:

Պատրաստեց ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4