Սիրիան համաճարակի տարածման դեմ կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում
Չնայած Էրդողանի կառավարության ձեռնարկած արտակարգ միջոցառումներին (դրանցից թերեւս կարելի է առանձնացնել շուրջ 600 հազար ընտանի թռչունների ոչնչացումը Թուրքիայում), թռչնագրիպը շարունակում է տարածվել: Թռչնագրիպի վիրուսի առկայությունը հաստատվել է երկրի 13 վիլայեթներում, իսկ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ 19 վիլայեթներ համաճարակի օջախ են:
Թերեւս այդ առումով պատահական չէր հունվարի 15-ին թռչնագրիպի դեմ պայքարի ազգային համակարգման կենտրոնի ստեղծումը գյուղատնտեսության, առողջապահության եւ շրջակա միջավայրերի նախարարությունների համատեղ ջանքերով: Կենտրոնի առաջնահերթ խնդիրը թռչնագրիպի դեպքերի մասին թուրք հասարակությանն իրազեկումն է: Ի դեպ, նույն օրը Վանի հիվանդանոցում մահացել է 12-ամյա Ֆաթմա Օզջանը, որը հոսպիտալացվել էր 5 օր առաջ:
Այսպիսով, թռչնագրիպից մահացածների թիվը Թուրքիայում հասել է 4-ի: Հիշեցման կարգով նշենք, որ հունվարի 1-ին, 5-ին եւ 6-ին թռչնագրիպը խլել էր Բայազետում բնակվող Քոչյիղիթ ընտանիքի 3 զավակներին: Հունվարի 15-ին մահացած Օզջանը նույնպես Բայազետից է: Ծանր է նաեւ թռչնագրիպի ախտորոշմամբ նույն հիվանդանոցում բուժվող Ֆաթմայի եղբոր առողջական վիճակը:
Հունվարի 16-ի դրությամբ Թուրքիայում թռչնագրիպով վարակված հիվանդների թիվը 19 է: Տեղեկացնելով այդ մասին, թուրքական հանրային հեռուստատեսությունը նշեց, որ սիրիական իշխանությունները վարակի տարածման դեմ միջոցների են դիմում, ձեռնարկելով երկրի Թուրքիային սահմանակից Ղամըշլի գյուղաքաղաքում ընտանի թռչունների ոչնչացումը:
Հ. Չ.