«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2006-01-13 | #5, 2006-01-14 | #6, 2006-01-17


ՀԱՅԵՐԵՆԻ ԼԵԶՎԱՍԽԱԼՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԳԻՐՔ - ԽԱՐԱԶԱՆ ԵՎ ԲԱԼԱՍԱՆ` ՎԱՍՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԱՆԱՂԱՐՏՈՒԹՅԱՆ

2005-ի վերջին շաբաթներին, «Գրիգոր Տաթեւացի» հրատարակչությունից լույս է տեսել Վալերի Միրզոյանի հերթական աշխատությունը` «Հայերենը` անաղարտ» խորագրով: Ա-5 չափսի 152 էջ ծավալով գրքում տեղ են գտել հեղինակի 66 հոդվածներ, որոնք 2002-2005 թթ. հրապարակվել են «Կանչ» եւ «Տնտեսագետ» թերթերում, նաեւ 1994 թ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում լույս տեսած «Թարգմանական վթար» հրապարակումը:

Վալերի Միրզոյանը հայոց լեզվի իրավունքների պաշտպանության առաջամարտիկներից է եղել եւ այդպիսին էլ մնում է: Նա եղել է 1993 թ. ընդունված «Լեզվի մասին» ՀՀ օրենքի հիմնական մշակողներից մեկը, եւ 1993-1998 թթ. գլխավորել այդ օրենքի դրույթները կենսագործելու կոչված Լեզվի պետական տեսչությունը: Խոստովանենք, որ այս պաշտոնում նրա հաջորդների օրերին հայոց լեզուն` ՀՀ պետական ու հայոց ազգային միակ լեզուն օրեցօր նահանջ ապրեց ՀՀ-ում, որի խայտառակ փաստի ականատեսն ու ականջալուրն ենք այսօր:

Գրքով ի մի բերված հրապարակումներում Վ. Միրզոյանը կանգ է առնում առավել տարածված լեզվասխալների վրա, վերլուծում դրանց ծագումը եւ առաջարկում ճիշտ լեզվաձեւերը: Հեղինակը չափազանց խիստ է հայոց մեծագույն սրբություններից եղող լեզուն պղծողների նկատմամբ: Նրա ոճը հատու է, երբեմն նույնիսկ` խայթող: Նրա հարվածներից իրենց բաժինն են ստանում նույնիսկ այն թերթերը, որոնցում լույս են տեսել հեղինակի հրապարակումները: Միրզոյանական «սեւ ցուցակում» տեղ են գտել ՀՀ նախագահը, նախարարներ, ԱԺ պատգամավորներ, քաղաքական գործիչներ, ՀՀ կենտրոնական բանկը, պետական այլ մարմիններ, բազմաթիվ լրատվամիջոցներ ու լրագրողներ, նույնիսկ բանասիրության դոկտորներ ու լեզվաբաններ: Հեղինակին, սակայն, չի լքում հումորի զգացումը: Այսպես օրինակ, նրա մի հոդվածի վերնագիրն է «Երկուրոպեանոց պատգամավորն ու եռակետ նախարարը» (էջ 115-116): Միրզոյանը ցավով նշում է մի երեւույթ, որը մեր համոզմամբ, ճիշտ է նաեւ ՀՀ կյանքի այլ ոլորտների համար եւս. «Իրոք, սխալ բառակապակցություններն այնքան են տարածվել, որ արդեն սխալն է ընկալվում որպես ճիշտ, իսկ ճիշտը` սխալ» (էջ 18): Օրինակներից են «ֆրանսիական գրողը» (ամենաշատը տարածված է օտար լեզվամտածողությամբ հայազգի գիտնականների մեջ) եւ «դիմությունը» (իշխանամետության իմաստով, որը զիրար կապկելով թութակաբար կրկնում են ՀՀ անգրագետ քաղաքական գործիչները, ԱԺ պատգամավորները եւն.): Միրզոյանը պահանջում է. «Հայաստանի պետական լեզուն պիտի անմրցակից լինի, այլապես հենց հայերենը կկորցնի իր կարգավիճակը» (էջ 20):

Գրքի առանձնապես արժեքավոր բաժիններից է հեղինակի «Մաշտոցը եւ մենք» անտիպ գրքից մեջբերված հատվածը (էջ 9-10), որը հեղինակի` շուրջ 200 հոգու հետ կատարած հարցախույզի մի քանի պատասխաններ է պարունակում` առնչված հայոց լեզվին: Այսպես, 18 տարեկան ուսանող Աղասու կարծիքով, «արդի հայերենը ռուսացած լեզու է, թուրքերենի ազդեցությունն էլ կա», 52 տարեկան փիլիսոփա, դասախոս Յուրի Հովականյանն առաջարկում է Հանրապետության հրապարակում Մաշտոցի արձանը տեղադրել (փոխանակ խոսող-երգող այն հսկա ցուցանակի, որը լեզվական վարակի մի իսկական աղբյուր է), իսկ 45 տարեկան լուսանկարիչ Ռազմիկը համոզված է, որ հայոց գրերի գյուտի 1600-ամյակի միջոցառումները ոգեղենությունից զուրկ ձեւականություններ են: Գրքի ներածության մեջ հեղինակը մատը դնում է մեկ այլ ցավոտ վերքի վրա, գրելով. «Իսկ գիտե՞ն արդյոք հայերեն իրենք` սովորեցնողները: Տարիներ, տասնամյակներ շարունակ հանրակրթական դպրոցն ավարտածների ամենաթույլ մասն ընդունվել է մանկավարժական ինստիտուտ, դարձել դասատու» (էջ 7): Գրքում ներկայացվում են նման անհամար փաստեր սրտացավ հայորդու անկեղծությամբ` հայոց լեզվի հայաստանյան-բաբելոնյան խառնակությունը վերացած տեսնելու ակնկալությամբ:

Ընթերցողների եւ առհասարակ բոլոր հայոց համար չափազանց պիտանի են գրքի ավարտին բերված երկու ցուցակները. առաջինը` օտարածին առանձին բառերի հայերեն համարժեքներով, երկրորդը` առավել տարածված առանձին սխալաձեւերի հայերեն ճիշտ համարժեքներով: Դրանք ամեն վայրկյան ձեռքի տակ գտնվելու անհրաժեշտ ձեռնարկներ են հայոց լեզուն եւ ինքզինք հարգող յուրաքանչյուր արժանապատիվ լրագրողի, խմբագրի, պետական եւ քաղաքական գործչի եւ գիտնականի համար:

ԳԵՒՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4