«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2006-01-13 | #5, 2006-01-14 | #6, 2006-01-17


«ԵԹԵ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՍ ՀՈՒԶԵԼ, ՈՒՐԵՄՆ ՃԻՇՏ ԵՐԱԿԻ ՎՐԱ ԵՍ»

Ինչպես նախապես հայտնել էինք, օրերս «Գաբոնե» պատկերասրահում բացվեց նկարչուհի Թեննի Վարդանյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Պատկերասրահի երկու հարկերում ցուցադրված յուղաներկով, ջրաներկով արված նկարները եւ գրաֆիկական աշխատանքները բազմաթիվ հարցեր առաջացրին ներկաների միջեւ: Եթե մասնագետ-ընկերները աշխատանքներին նայում էին այլ տեսանկյունից, ապա լրագրողները ավելի շատ հետաքրքրված էին նկարչուհու աշխատաոճով, ասելիքով, հեղինակի` նկարչության մեջ որեւէ ուղղության պատկանելությամբ, որի առնչությամբ դժվար է կոնկրետ բան ասել: Հեղինակի կտավներում հիմնականում վառ գույներով պատկերված մարմիններ էին, որոնցից ոմանք ուղեկցվել էին տեքստերով, գրություններով:

Արվեստագետ Վարդան Ազատյանի խոսքերով, Թեննի Վարդանյանը ֆիգուրայի արվեստագետ է եւ իր գործերում առնչվում է մարմինների հետ: «Նա անմակերեւույթ մարմինների միջոցով փորձ է արել ներկայացնելու մարմնի տնտեսությունը, իսկ նկարները տեքստերով ուղեկցելը նշանակում է, որ Թեննին պահպանել է մարդու նախնական` հաղորդակցության աշխարհը», նշեց արվեստագետը: Նա համոզված է, որ նկարչուհու գործերը հուզող հարցեր են առաջացնում, որովհետեւ դրանք դուրս են առօրեականի, նորմատիվի սահմաններից: Նրա հետ համաձայն էր նաեւ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը` ասելով. «Եթե կարողանում ես հուզել, ուրեմն ճիշտ երակի վրա ես»:

Ինքը` նկարչուհին, իր աշխատանքներում չկարեւորեց ո՛չ գույների, ո՛չ ձեւերի ընտրությունը, այլ. «Կա կոնկրետ կոնցեպցիա, համաձայն որի աշխատում եմ` փորձելով արտահայտել միտքս: Կտավներում պատկերված մարմինները եւս նորություն չեն, ինձ մոտ գուցե մի քիչ արտառոց են, բայց դրանց միջոցով ես արտահայտել եմ իմ ասելիքը, ապրումները»:

Նկարչության մեջ հայտնի ուղղություններից եւ ոչ մեկի շարքին Թեննի Վարդանյանի աշխատանքները չցանկացավ դասել նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: «Այստեղ չկան խոսքեր, պատմողականություն, այլ կա ճանաչելիություն, ինքնատիպություն եւ գոյություն ունեցող իզմերից որեւէ մեկի շարքին Թեննիի գործերը դասելը դժվար է», նշեց նա:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4