(1931-2005)
Տարեմուտի թոհուբոհի մեջ շատ քիչ մարդ իմացավ փիլիսոփա Սարգիս Հարությունյանի մահը` անցյալ տարվա վերջին ժամերին: Երկարատեւ հիվանդությունից հետո նա մահացավ դեկտեմբերի 31-ին եւ շատ նեղ շրջանակի մասնակցությամբ հողին հանձնվեց հունվարի 4-ին:
Սարգիս Հարությունյանը ծնվել է 1931թ., Ախալցխայում, արմատներով կարինցիների ընտանիքում: 1956 թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 1966-1974 թթ. որպես փիլիսոփայության դասախոս աշխատել է մայր բուհում: Իր համարձակ տեսակետների եւ ազգային գործունեության համար 1974 թ. համալսարանի ղեկավարությունը նրան զրկել է դասախոսելու իրավունքից` մեղադրելով այլախոհության մեջ: Մինչ այդ 1970 թ. նա պաշտպանել էր թեկնածուական ատենախոսություն փիլիսոփայության գծով: 1977-1996 թթ. Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում (ապա` ճարտարագիտական համալսարան) դասավանդել է հումանիտար ուղղության ֆակուլտատիվ առարկաներ: 1996-2002 թթ. աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության «Հայկական բանակ» ամսագրում որպես խմբագիր: Հեղինակել է 4 մենագրություն եւ 150-ից ավելի գիտական հոդվածներ:
Հարությունյանը մեծ սեր էր վայելում ուսանողության շրջանում: Նա մեկն էր մայր բուհի այն հազվագյուտ դասախոսներից, ովքեր խորհրդային տարիներին բացահայտորեն հանդես էին գալիս ի պաշտպանություն ազգային արժեքների: Նա առաջիններից էր, որ գրեց Գարեգին Նժդեհի եւ Հայկ Ասատրյանի ազգային գաղափարախոսության մասին:
Սարգիս Հարությունյանի գիտական հետաքրքրությունների ծիրը բավականին ընդարձակ էր: Նա կարողացել էր ներդաշնակորեն համակցել պատմությունը, փիլիսոփայությունը, գեղագիտությունը, գաղափարաբանությունը, էթնոհոգեբանությունը, ընկերաբանությունը եւ հումանիտար այլ ուղղություններ: Այդ համակցման շնորհիվ լույս աշխարհ եկան այնպիսի ուսումնասիրություններ, ինչպիսիք են «Ազգային գաղափարախոսության պատմաիմաստասիրական հիմքերը», «Լեռնահայաստանի զինվորականության վարքականոնի աշխարհայացքային հիմքերը», «Քրիստոնեությունը ազգային դիմագծի ձեւավորման մեջ», «Լճացման տարիների բավիղներում», «Ազգային ոգու զարթոնքը», «Երվանդ Քոչարը եւ նրա երեւանյան շրջապատը», «Հայոց գաղափարաբանության հենասյուները», «Ղարաբաղ» կոմիտեից մինչեւ ՀՀՇ», «Հայկական ռենեսանսի» վարկածը», «Ստեղծագործական մտածողություն», «Եղեռնը եւ ազգի հիշողությունը», «Այլախոհության ակունքներում», «Ոգին ներաշխարհի միջուկ» եւ այլն: Շնորհիվ այս աշխատանքների, նա իր խոր հետքը թողեց հայ արդի փիլիսոփայական եւ հասարակական մտքի պատմության մեջ:
Սարգիս Հարությունյանի հիշատակը վառ կմնա նրա հոգեհարազատ մարդկանց եւ գաղափարակիցների սրտերում:
Գ. Յ.