Բեյրութի «Արարատ» օրաթերթը տեղեկացնում է, որ երկարատեւ հիվանդությունից հետո հունվարի 3-ին Դամասկոսում վախճանվել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության նախկին ատենապետ, ազգային-հասարակական երկարամյա գործիչ Տիրան Ակինյանը:
Բազմավաստակ կուսակցական ու հասարակական գործիչ, մանկավարժ Ակինյանը ծնվել է 1939 թ. Հալեպում, ավարտել է տեղի Կիլիկյան ճեմարանը, որից հետո տեղափոխվել է Դամասկոս եւ մինչեւ 1980 թվականը եղել է Թարգմանչաց երկրորդական վարժարանի տնօրենը: Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը 1976 թվականին նրան նշանակել է ՄԱԿ-ի սիրիական պատվիրակության անդամ: 1980-1987թթ. նա եղել է Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի անդամ: Նա հնչակյան կուսակցության անդամ է դարձել է պատանի հասակից, մասնակցելով Հալեպի եւ Դամասկոսի «Տխրունի» ուսանողական միության եւ Հայ մարմնամարզական միության աշխատանքներին: Նա մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը, մինչեւ 1995 թվականը ծառայելով համահայկական հիմնադրամի կեդրոնական մարմնին: 1988-2005 թվականը նա եղել է հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ, իսկ 2001-2005 թթ.ՙ ատենապետ: Անցած տարի Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ նա պարգեւատրվեց «Ներսես Շնորհալի» շքանշանով: