«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2006-01-13 | #5, 2006-01-14 | #6, 2006-01-17


ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՉԸՆՏՐՎԵՑ ԵՊՀ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Այսօրվանից նա նաեւ պետհամալսարանի ռեկտորը չէ

Երեկ պետհամալսարանում տեղի ունեցած բուհի կառավարման խորհրդի անդրանիկ նիստին խորհրդի նախագահի միակ թեկնածու Ռադիկ Մարտիրոսյանն, ում, ի դեպ, առաջադրել էր բուհի փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դեկան Հրաչիկ Միրզոյանը, փակ, գաղտնի քվեարկությամբՙ 32 կողմ, 35 դեմ ձայնով չընտրվեց խորհրդի նախագահ: Քանի որ բարձրագույն եւ հետբուհական կրթության օրենքի, կառավարության որոշման եւ ԵՊՀ կանոնադրության համաձայն գործադիրն իրավունք չունի խորհրդի անդամ կամ նախագահի թեկնածու առաջադրվելու, Ռադիկ Մարտիրոսյանը ռեկտորի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել ԿԳ նախարարին, ինչն էլ ընդունվել էր: Հավաստի աղբյուրները նշում են, որ մինչ հունվարի 25-ը տեղի ունենալիք խորհրդի հաջորդ նիստը ռեկտորի աշխատանքները կհամակարգի պրոռեկտոր Էդվարդ Չուբարյանը, որն այսօր գործուղման մեջ է: Բուհից տեղեկացրին, որ հաջորդ նիստին խորհրդի նախագահի ընտրության դեպքում կազմակերպչական մի շարք հարցերից բացի հաստատման կներկայացվի ռեկտորի ընտրության կանոնակարգը, ինչից հետո 40-50 օրում տեղի կունենա նոր ռեկտորի ընտրությունը: Խորհրդի անդամ, բուհի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտ Կարեն Գրիգորյանն «Ազգին» տեսակետ հայտնեց, թե խնդիրն ավելի գլոբալ ենթատեքստ ունի: «Անշուշտ, Ռադիկ Մարտիրոսյանի 12,5 տարվա աշխատանքը գնահատելիս հարկավոր է դրականը մատնանշել: Խնդիրն այն է, որ պետհամալսարանին նետված են նոր մարտահրավերներ, ինչին ընկալունակ եղավ ընդառաջ գնալ խորհրդի կազմը եւ նոր մոտեցումներ որդեգրելու փորձ կատարեց», նշեց Կ. Գրիգորյանը: Մեկ անգամ եւս կարեւորելով ավագ սերնդի ներդրումը բուհի առաջընթացում նա նշեց, թե առաջադիմական ամեն մի գաղափարախոսություն հնարավոր չէ առաջ տանել հին մտածելակերպի ներկայացուցիչներով: Նա զերծ մնաց հաջորդ նիստին առաջադրվելիք որեւէ թեկնածուի անուն տալու գուշակությունից, սակայն համոզմունք հայտնեց, որ համալսարանական ճիշտ լուծում կգտնեն:

Կրթական համակարգին մոտ կանգնած փորձագետներից մեկը, որը գերադասեց չներկայանալ, իր դիտարկումները ներկայացրեց տեղի ունեցածի վերաբերյալ: «Զարմացած եմ այն ամենից, ինչ լսեցի այսօր տեղի ունեցածի մասին: Ի տարբերություն այլ բուհերի, պետհամալսարանի խորհրդի կազմում բոլոր դեկաններն էին: Ի տարբերություն այլ բուհերի, պետհամալսարանի կանոնադրության համաձայն այստեղ անկախ ֆակուլտետի խորհրդում տեղի ունեցած ընտրության արդյունքներից, ֆակուլտետի դեկանի 2-3 թեկնածուներից մեկին ընտրում է ռեկտորը: Փաստորեն մարդիկ, որոնց դեկանի պաշտոնում նշանակել էր հենց Ռադիկ Մարտիրոսյանը, այսօր «ջնջեցին» նրան: Սա ցույց է տալիս, որ փակ, գաղտնի եւ արդար ընտրության դեպքում կարելի է առաջին հայացքից զարմանալի արդյունքի հասնել»: Նա նշեց, որ ոչ միայն հայկական օրինակով է ապացուցվել, որ իշխանությունը մեկի ձեռքում կուտակելը հաճախ բացասական ազդեցություն կարող է ունենալ: «Ծագումով եւ իր գործունեությամբ Ռադիկ Մարտիրոսյանը համարվել է իշխանությանը շատ մոտ կանգնած մարդ», ավելացրեց նա:

Մինչեւ հունվարի 25-ը 25-ական տոկոսներով խորհրդի մաս կազմող ուսանողությունը, կառավարությունը, լիազոր մարմինը եւ բուհի պրոֆեսորադասախոսական կազմը հետագա հնարավոր զարգացումները ծանր ու թեթեւ անելու քիչ ժամանակ ունեն: Մնում է հուսալ, որ առաջիկա մեկ շաբաթը նրանք արդյունավետ կօգտագործեն:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4