Օրացույցը տոն եւ սովորական օրերի համրանքը ցուցադրող իր է: Թերեւս նրա հիմնական կարեւորությունն է դա, եթե չլիներ մարդու հնարամտությունըՙ վերածել այդ պարզ իրը հուշանվերի, գովազդի, ճաշակի ցուցադրության: Ամանորյա տոներին հարյուրից ավելի շնորհավորական բացիկների կողքին «Ազգը» ստացավ նաեւ բազմաթիվ սեղանի, պատի ու գրպանի օրացույցներ, որոնցից շատերն իրենց ձեւավորմամբ գերազանցում էին անգամ բարձրաճաշակ բացիկներին: Մասնավորապես HSBC բանկի օրացույցը հիացրեց լուսանկարչական հրաշալի աշխատանքներով, որին գերազանց կատարմամբ չէին զիջում Բաքոս արվեստի ցուցասրահի եւ «Վեդի-Ալկո» ընկերության գինու տեսականու գեղադիր նկարները` համադրված հայկական խոհանոցի ախորժալի կերակուրների հետ: Յուրօրինակ հայրենասիրական ոճով են ձեւավորված Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության պատի մեծադիր օրացույցները, որտեղ պատկերված են քարե մշակույթի հայկական կոթողներ: Առանձնահատուկ ուշադրության են արժանի այն նվեր օրացույցները, որ հրատարակել է «ՀԵՑ» ՓԲԸ-ն: Դրանցից մեկը ցուցադրելով Վանաձորի մանկատան սաների դիմանկարները, կարծես ցանկանում է հիշեցնել դիտողին, որ տարվա օրերը ոչ միայն հանգստյան եւ տոն օրերը ճշտելու, այլեւ բարեգործությամբ կյանքը գեղեցիկ ու օգտակար դարձնելու համար են:
Ուշագրավ են Թեքեյան մշակութային միության օրացույցները: Հատկանշական է, որ մշակութային այս կազմակերպությունը արդեն երրրորդ տարին անընդմեջ տարվա օրացույցը զարդարում է հայ նկարչության ներկայացուցիչների որակյալ վերատպություններով: 2006-ին ներկայացված են Վարուժան Վարդանյանը եւ Սարգիս Համալբաշյանը` մեկական օրացույցներով:
«Նյու Լայֆ Արմենիա» կազմակերպությունը «Ազգին» է նվիրել Ս. Էջմիածնի գանձերի նկարներով գեղեցիկ մի օրացույց, որ նաեւ բազմաթիվ հոգեւոր հարցերի պարզաբանումներ է տալիս:
Գործնական հարմարավետություն ունի «Եվրասիա» հիմնադրամի Երեւանի գրասենյակի անգլիատառ օրացույցը, որ զարդարված է Մարտիրոս Սարյանի ստեղծագործության գողտրիկ վերատպությամբ:
Օրերի հաշիվը չկորցնելու համար, նաեւ Հայաստանի տնտեսությանը բերած նպաստի մասին է վկայում «ԱՄՆ-ի կառավարության օժանդակությունը Հայաստանին» սեղանի օրացույցը, որը կրում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսի ստորագրությունն ու խոսքը, ուր նա նշում է հայ-ամերիկյան զարգացող հարաբերությունների մասին: Դեսպանը հայտարարում է, որ ԱՄՆ-ը կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերով Հայաստանին օգնում է երեք ուղղություններով` ստեղծել բաց քաղաքացիական եւ ժողովրդավարական հասարակություն, ճկուն շուկայական տնտեսություն, ինչպես նաեւ կայուն եւ ապահով քաղաքական միջավայր ողջ տարածաշրջանում:
Հայ-իրանական «Միհր» ակումբը պատի փոքրիկ օրացույցով ներկայացնում է իրանական եւ հայկական երկու հուշարձաններ եւ շնորհավորում է Ամանորի եւ Սուրբ ծննդյան կապակցությամբ:
Սիրիայի դեսպանատունն իր հերթին ներկայանում է պատի մեծադիր օրացույցով, որը սակայն ոչ մի հայատառ գրություն չուներ:
Հետաքրքրական է, որ բացի թերթ տպելուց մեր գործընկեր «Ավանգարդ» թերթն իր հերթին հրատարակել է սեղանի օրացույց, ուր ի թիվս հանգստյան օրերի, գունանշված է շաբաթվա այն օրը, երբ լույս է տեսնում «Ավանգարդը»: Հատկանշական է, որ մեր գործընկերը ամբողջ տարվա համար հրամայական է դիտում Գարեգին Նժդեհի խոսքերը` հրեշտակի եւ արծիվների նկարների համադրությամբ:
«Արմենտելը» հրատարակել է իր հեռուստագովազդի օրացուցային տարբերակը եւ չի մոռացել երկուական օրինակ նվիրել «Ազգին»:
Բոլորին շնորհակալություն «Ազգի» աշխատակազմի կողմից, որը վստահեցնում է` հետ չենք ընկնի ժամանակից եւ չենք կորչի օրերի լաբիրինթոսում:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ