Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում այժմ կրթություն ստացող 147 ուսանողներից 41-ը այս տարի կավարտեն ճեմարանը, իսկ երկուսը կմեկնեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ուսումը շարունակելու: Առաջիկա տասը տարիներին ճեմարանի 20 ուսանողներ ուսումը շարունակելու են «Սուրբ Թոմաս» համալսարանում: Երեկ Էջմիածնում «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամը եւ համալսարանը ստորագրել են համապատասխան պայմանագիր, որի մասին խոսվել է դեռեւս նախորդ տարի մայիսին Ջերալդ Գաֆեսճյանի Ս. Էջմիածին կատարած այցի ժամանակ:
Գեւորգյան ճեմարանի ուսանողները, համալսարանի ներկայացուցչի տեղեկացմամբ, բուն հոգեւոր կրթությունից զատ կկարողանան նաեւ ուսանել բիզնեսի, արվեստի, մենեջմենտի, հոգեւոր, բժշկական, սոցիալական սպասարկման ֆակուլտետներում: Ուսման բարձր առաջադիմությունն ու անգլերենի լավ իմացությունը ԱՄՆ-ում սովորելու համար ընտրվող ուսանողների համար պարտադիր պայմաններն են: Չնայած դրան «Սուրբ Թոմաս» համալսարանում սովորելուց առաջ ճեմարանականներն անգլերենի իմացության զարգացման դասընթացներ են անցնելու:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է հյուրերին եւ փաստել, որ պայմանագիրը բնույթով առաջինն է, չնայած ճեմարանի 40 ուսանողներ արդեն իսկ սովորում են Եվրոպայում եւ ԱՄՆ-ում:
Ն. Պ.