«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2006-01-13 | #5, 2006-01-14 | #6, 2006-01-17


ԱՐՈՆՅԱՆՆ ԱՆՀԱՋՈՂ ՍԿՍԵՑ ՄՐՑԱՇԱՐԸ

Այս օրերին շախմատասերների ուշադրությունը բեւեռված է հոլանդական Վեյք Ան Զեե քաղաքին, որտեղ մեկնարկել է շախմատի ավանդական գերմրցաշարը: Այն ՖԻԴԵ-ի դասակարգման 19-րդ կարգի է: 14 ուժեղագույն շախմատիստները սկսել են մրցավեճը հաղթողի կոչման համար:

Ցավոք մրցաշարի մեկնարկն անհաջող էր աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի համար: Առաջին տուրում լեւոնը, որ վիճակահանությամբ հանդես է գալիս 7-րդ համարի տակ, սպիտակներով խաղում էր ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի հետ: Հետաքրքրական է, որ մրցաշարում Իվանչուկի հաղթելու հնարավորությունները բուքմեյքերները ցածր են գնահատել: Գուցե նրանք հաշվի են առել նրա ելույթների անկայունությունը: Իվանչուկը կարող է հաղթել որեւէ շախմատիստի, եթե լավ մարզավիճակում է: Արոնյանը շատ ակտիվ սկսեց հանդիպումը: Սակայն գտնվելով ցայտնոտում, հավասար դիրքում նա անսպասելիորեն որակ զոհաբերեց եւ 45-րդ քայլին ստիպված էր հանձնվել:

Երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը մրցաշարի բազմակի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդն էր: Սեւ խաղաքարերով խաղացող Լեւոնին հաջողվեց լուրջ դիմադրություն ցույց տալ եւ պարտիան ավարտել ոչ-ոքի: Այսպիսով, 2 տուրից հետո Արոնյանը վաստակել է կես միավոր: Հուսանք, որ անհաջող մեկնարկից հետո Արոնյանը կգտնի իր խաղը, եւ երկրպագուներին կուրախացնի հաջող մրցելույթներով:

Ինչպես եւ վայել է աշխարհի չեմպիոնին, Վեսելին Թոփալովը հաղթանակով սկսեց մրցաշարը: Նա սպիտակներով պարտության մատնեց Գատա Կամսկուն: Սակայն ինչպես ցույց տվեց 2-րդ տուրը, Թոփալովին այս մրցաշարում դժվարին պայքար է սպասում: Հայտնի է, որ բոլորն էլ կրկնակի եռանդով են խաղում չեմպիոնի դեմ: Դա ապացուցեց անգլիացի Մայքլ Ադամսը, որն առաջինը պարտության մատնեց աշխարհի չեմպիոնին:

Առաջին տուրում իր օգտին հաղթանակ գրանցեց նաեւ Անանդըՙ սեւերով առավելության հասնելով մրցաշարի ամենակրտսեր մասնակից Սերգեյ Կարյակինի նկատմամբ: Վան Վելի-Սոկոլով, Մամեդյարով -Բաքրո, Տիվյակով-Ադամս, Գելֆանդ-Լեկո պարտիաները խաղաղ ելք ունեցան: 2-րդ տուրում բացի Ադամսից, եւս երեք շախմատիստ վայելեց հաղթանակի բերկրանքը: Իր 2-րդ հաղթանակը տոնեց Իվանչուկըՙ սեւերով պարտության մատնելով Սոկոլովին: Կամսկին առավելության հասավ Գելֆանդի, Բաքրոնՙ Տիվյակովի նկատմամբ: Ոչ-ոքի ավարտվեցին Լեկո-Կարյակին, վան Վելի- Մամեդյարով պարտիաները:

2 տուրից հետո մրցաշարի միանձնյա առաջատարը Վասիլի Իվանչուկն է, որը վաստակել է նույնքան միավոր: 2-4-րդ տեղերը 1,5-ական միավորով բաժանում են Անանդը, Ադամսը, Բաքրոն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4