Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան Էնթոնի Ջոն Ջեյմս Քենթորին երեկ իր հավատարմագրերի կրկնօրինակն է հանձնել արտգործնախարար Վարդան Օսկանյանին: («Ազգը» նախապես հայտնել էր, թե ով է լինելու նորանշանակ դեսպանը): Այս մասին հայտնում է արտգործնախարարությունից ստացված հաղորդագրությունը:
1946 թ. ծնված Էնթոնի Քենթորը 1966 թ. աշխատել է Մեծ Բրիտանիայի Ֆորեյն օֆիսում, ապա Ռանգունի (Բիրմա), Տոկիոյի (Ճապոնիա), Ակրայի (Գանա), Հանոյի (Վիետնամ), Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի ներկայացուցչություններում: 2000-2001 թթ. նա նշանակվել է ԱԳՆ հանրային դիվանագիտության վարչության EXPO ցուցահանդեսների բաժնի պետ: Էնթոնի Քենթորը տիրապետում է գերմաներեն, ֆրանսերեն, ճապոներեն եւ իսպաներեն լեզուներին: Ամուսնացած է, ունի 2 դուստր եւ մեկ որդի:
Հանդիպման ժամանակ զրուցակիցները, գոհունակություն հայտնելով հայ-բրիտանական հարաբերությունների ներկա վիճակից, նշել են, որ դեռեւս շատ անելիքներ կան կապերի խորացման ուղղությամբ: Կապերի խորացման համար կողմերը կարեւորել են կոնկրետ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը: Նախարարը ընդհանուր գծերով դեսպանին ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման ներկա ընթացքը եւ հայ-թուրքական հարաբերությունները:
Գ. Գ.