«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2006-01-14 | #6, 2006-01-17 | #7, 2006-01-18


ԸՍՏ ՎՐԱՑԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻՙ ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է ՀԱՅ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏ

«Ազգն» օրերս անդրադարձել էր Աբխազիայում հայ համայնքի խնդիրներին, մասնավորապես Սուխումի հայկական դպրոցի մոտ Նոր տարվա օրերին տեղի ունեցած պայթյունին եւ հակահայկական բովանդակությամբ թռուցիկների տարածմանը: Մենք անդրադարձել էինք նաեւ այս իրադարձություններին աբխազական ղեկավարության վերաբերմունքին, ինչպես նաեւ Աբխազիայի ժողովրդական միասնության ֆորումիՙ հակահայկական մոտեցումները դատապարտող հայտարարությանը:

Հակահայկական տրամադրություններն Աբխազիայում քննարկման առարկա են դառնում ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչների հետ Աբխազիայի առաջնորդի հանդիպման ժամանակ: Վրացական «Ախալի թաոբա» («Նոր սերունդ») թերթի հրապարակմամբ, Աբխազիայում ձմեռը բավականին թեժ կարող է լինել եւ ոչ վրացիների պատճառով: Ըստ թերթի, լուրջ հակասության վտանգ կա աբխազների եւ հայերի միջեւ, քանի որ աբխազ բնակչությունը դժգոհ է Աբխազիայում ապրող հայերի վարքագծից եւ գործունեությունից:

«Աբխազիայում 1992-93 թթ. ռազմական գործողությունների ժամանակ հայերն իրենց իսկապես ցույց տվեցինՙ պայքարելով աբխազների կողքին», գրում է «Ախալի թաոբան»: Այնուհետեւ անդրադառնալով ներկա իրավիճակին, թերթը «փոխանցում» է աբխազների մտահոգությունը: «Տնտեսական գործերն ու առեւտուրն աշխարհում հայերից ավելի լավ ոչ մեկին չի հաջողվում, արդյունքում նրանք Աբխազիայում զգալի ազդեցություն եւ ֆինանսական միջոցներ են ձեռք բերել, իսկ աբխազները հայտնվել են «խաղից դուրս»:

Վրացական լրատվամիջոցն ըստ այդմ նշում է, թե աբխազները չեն հաշտվել հայերի գերակայության հետ, եւ աբխազների համեմատաբար ագրեսիվ մասն անցել է բացահայտ գործողությունների: Սուխումում եւ Աբխազիայի մի քանի այլ քաղաքներում գործում են որոշ հայկական ներկայացուցչություններ, որոնց գոյությունը պաշտոնական Երեւանը մերժում է: Բայց հենց այդ կազմակերպությունների ջանքերով էլ աբխազ մի քանի գրոհայիններ ուղարկվեցին Երեւան բուժման: Այն ժամանակ Թբիլիսին դժգոհություն արտահայտեց, որը լսելի չեղավ:

Տարօրինակ հանգստությամբ եւ թերեւս չարախնդրորեն վրացական թերթն այս ամենից հետո Սուխումի հայկական դպրոցի մոտ տեղի ունեցած պայթյունը վերագրում է աբխազներին այն պատճառաբանությամբ, թե աբխազները հոգնել են նայելով հայերի «գործերին»: Վերջին ժամանակներս Աբխազիայում հայերն ակնհայտ խտրականություն են զգում, որի պատճառով լքում են Աբխազիան: «Այնպես որ, Սուխումում հասունանում է լուրջ կոնֆլիկտ. հայերի ու աբխազների համար դժվար է կիսել Աբխազիան», եզրակացնում է «Ախալի թաոբան»:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4