«Վրաստան» թերթի հրապարակման համաձայն, Վրաստանում ազգային փոքրամասնությունների խնդրի մասին 1000 հարցվածների 72,2 տոկոսը խնդրի լուծումը տեսնում է հետեւյալ կերպ. «Ստեղծել այնպիսի պայմաններ, որ նրանք վերադառնան իրենց պատմական հողերը»:
Հարցվածների 18,8 տոկոսը կարծում է, որ պետք է պայմաններ ստեղծել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների վրացացման եւ երկրի վրացի բնակչության հետ ձուլման համար: Խնդրի լուծումն այլ կերպ է տեսնում հարցվածների 18,5 տոկոսըՙ ազգային փոքրամասնությունների սեփական մշակութային եւ կրոնական ինքնության պահպանման համար պայմանների ստեղծում, միաժամանակ վրացերենի իմացություն եւ վրացական պետության կառուցման լիիրավ մասնակցություն:
Հետաքրքրական է, որ «եղբայրական» որակվող Վրաստանում ընդհանրապես ազգային փոքրամասնությունների նկատմամբ նման «հանդուրժողականություն» է դրսեւորվում: Թերեւս նման սոցհարցումների արդյունքները պետք է միշտ ի գիտություն ընդունել, չմոռանալով հարցվածների մեծամասնության կարծիքը, թե ազգային փոքրամասնությունների հարցը Վրաստանում լուծելի է վրացացմամբ կամ էլ Վրաստանից նրանց հեռացմամբ:
Փաստացի գամսախուրդիական ժամանակների լոզունգըՙ «Վրաստանը վրացիների համար», մնում է առավել քան արդիական, անգամ «գունավոր հեղափոխության» բովով անցած վրացական նոր իշխանությունների ու Եվրոմիության դրոշը սեփական դրոշի հետ ամեն տեղ պարզելու ջատագով վրաց ժողովրդի համար: Բացի այդ, եվրոպական արժեքների կողմնորոշում ունեցող եւ ինքն իրեն դեմոկրատիայի ջատագով հայտարարած Վրաստանը մինչեւ Եվրոպա նայելը պիտի որ իր երկրի ներսը նայիՙ համոզվելու, թե արդյոք հիմքեր կա՞ն մարդու իրավունքների եւ ազատությունների եվրոպական արժեքների համար:
Ա. Հ.