«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2006-01-14 | #6, 2006-01-17 | #7, 2006-01-18


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՍՊԱՌԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ

Դրա անվերջ հիմնավորմամբ կսպառվի նաեւ հիմնավորմանը լծված հաստատությունների գործունեությունը

Հունվարի 11-ի համարում «Ազգը», անդրադառնալով Թուրքիայի նախորդ տարվա օրակարգային խնդիրներին, դրանց մեջ առանձնացրել էր Եվրոմիությանն անդամակցության բանակցությունները, որոնք սկզբնավորվեցին հոկտեմբերի 3-ին: Միաժամանակ նշվել էր, որ 2006 թ.-ին բանակցությունների հետ երկրի օրակարգում էին Հայաստանի հետ հարաբերությունների եւ Հայոց ցեղասպանության խնդիրները:

Ցեղասպանության հարցի առումով թերեւս հատկանշական է «Օսմանյան հայերը կայսրության անկման շրջանում» թեմայով գիտաժողովը, որը հասարակական եւ քաղաքական որոշ շրջանակների հակազդեցության պատճառով հնարավոր եղավ Ստամբուլի «Բիլգի» համալսարանում հրավիրել միայն սեպտեմբերինՙ 4 ամիս ուշացումով, ընդ որում, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անմիջական միջամտությամբ:

Թեեւ դրան հետեւել էր թուրքական ժխտողականության հիմնավորմանը նպատակամղված այլընտրանքային գիտաժողովների հրավիրումն Անկարայում, Ստամբուլում եւ Կեսարիայում, սակայն դրանք այն հնչողությունը չէին ունեցել, ինչ ցեղասպանության թուրքական պաշտոնական թեզը վիճարկող «Բիլգի» համալսարանի գիտաժողովը: Ավելին, քանի որ այլընտրանքային գիտաժողովների մասնակիցները որպես ժխտողականության հիմնավորման միջոց այլ ելք չէին գտնում, քան պաշտոնական թեզի հակառակորդներին հարձակումների թիրախ դարձնելըՙ ուստի Թուրքիայում թեզի վիճարկելիության արծարծումները շարունակական բնույթ էին ստանում: Դա ինքնաբերաբար հանգեցնում էր Հայոց ցեղասպանության հարցի ակտիվ վերարծարծմանը երկրում:

Վերարծարծումներն անխուսափելի էին դարձնում «Հայկական հարցի» վրա դրված տաբուի վերացումը Թուրքիայում, իսկ վերացման պայմաններում անխուսափելիորեն բացահայտվում էր թուրքական ժխտողականության սնանկությունը: Այլ կերպ, այլընտրանքային գիտաժողովի կազմակերպիչները Հայոց ցեղասպանության Թուրքիայի պաշտոնական թեզը հիմնավորելու առաջարկով ակամա թափ էին հաղորդում թուրք հասարակությունում դրա վիճարկումներին, նպաստում թուրքական ժխտողականության դիրքերի սպառմանը: Որպես հետեւանք այս ամենի, Հայկական հարցի վրա դրված տաբուն վերանում եւ Հայոց ցեղասպանության հարցը մշտապես զբաղեցնում էր երկրի օրակարգը:

Նոր տարվա առաջին օրերին, չնայած Թուրքիայում թռչնագրիպի բռնկումներին, թուրքական թերթերում լույս են տեսել հայկական խնդիրների վերաբերյալ մի շարք հոդվածներ: Այս փաստը հիմք է տալիս ենթադրելու, որ Հայոց ցեղասպանության հարցն օրակարգային կլինի նաեւ 2006 թ.-ին: Դա, ինչ խոսք, կպայմանավորի նաեւ ժխտողականության մուտքը Թուրքիայի օրակարգ:

Այս հանգամանքն, անկախ դիրքերի սպառումից, անհրաժեշտ է դարձնում ժխտողականության հիմնադրույթների բացահայտումը: Բացահայտման առումով թերեւս հատկանշական է դեկտեմբերի 19-ին Ստամբուլում «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի ֆեդերացիայի»ՙ ASEF-ի կազմակերպած այսպես կոչված գիտաժողովը, որին, «Օզգյուր գյունդեմ» թերթի վկայությամբ, պարտադիր է եղել պատմության ուսուցիչների մասնակցությունը: Մասնակիցներն, ըստ թերթի, Հայոց ցեղասպանության փաստին հակադրել են հետեւյալ հակափաստարկները.

«Օսմանյան կայսրությունում հայերին վստահում էին պետական բարձր պաշտոններ, հետեւաբար անիմաստ է պետության վստահությունը վայելող ժողովրդին ցեղասպանության ենթարկել:

Հայերը պետք է դատապարտեն ոչ թե թուրքերին կամ Թուրքիային, այլ ԱՄՆ-ին, Գերմանիային, Անգլիային, Ֆրանսիային եւ Ռուսաստանին, որովհետեւ նրանց տեղահանության պատճառ դարձած պատերազմն այդ պետություններն են սկսել եւ զինել վերջիններիս:

Առաջին համաշխարհային պատերազմը մեծ ողբերգություն էր, որի ընթացքում սպանվել է 40 մլն մարդ, որից միայն 2,5 միլիոնը զինվորականներ են, իսկ մնացածներըՙ խաղաղ բնակիչներ:

Օսմանյան կայսրությունը գործել է հնչակյան եւ դաշնակցական հանցախմբերի դեմ, այլ ոչ թե հայ բնակիչների:

Թուրքիայում ի հայտ եկած զանգվածային գերեզմանների գերակշռող մեծամասնությունը պատկանում է հայերի զոհը դարձած թուրքերին եւ մահմեդականներին:

Օսմանյան վարչակազմը բանակի պահեստներից պարեն է տրամադրել տեղահանված հայերին: Ինչո՞ւ նրանց կոտորի:

Ի՞նչ իմաստ ունի ավելորդ կռվի մեջ մտնել հայերի հետ, երբ կայսրությունը տարբեր ռազմաճակատներում պատերազմում էր 6 պետության դեմ:

Եթե 1,5 մլն հայ զոհվեր, ապա այսօր չպետք է ողջ մնար գեթ մեկ հայ:

ԱՄՆ գաղթող հայ տղամարդիկ իրենց հետ չեն տարել կանանց: Նյու Յորք եւ Բալթիմոր տեղափոխված 82 հազար հայերի ճնշող մեծամասնությունը տղամարդիկ էին:

Համագործակցելով ռուսների հետ, հայերն սպանել են 530 հազար թուրքի: Ամենայն հավանականությամբ, հայերի զոհն են դարձել նաեւ 300 հազար սպանվածներ եւս, դեռեւս ապացուցված չլինելու պատճառով վերջին թիվը չենք գումարում նախորդին:

Եվրոպական խորհրդարանները երկակի ստանդարտ են կիրառում հայկական կոտորածների հարցում:

Տեղահանության ընթացքում արժեքավոր իրերն իրենց հետ տանող հայերը ենթարկվել են ավազակախմբերի հարձակումներին, նրանց պաշտպանելու համար զոհվել են հարյուրավոր թուրք զինվորներ:

Օսմանյան կառավարությունն իրադարձությունների առնչությամբ ռազմական ատյանի առջեւ է կանգնեցրել 528 զինվորականի եւ ոստիկանի, 170 վարչական աշխատողի, 975 ավազակի, որոնցից 67-ը կախաղան է հանվել, իսկ 524-ն ազատազրկվել է, անմեղ է գտնվել 227 մարդ, 674 մարդու գործը կարճվել է դատավարության ձգձգման պատճառով: Մի՞թե կարող է ցեղասպանություն իրագործել այն պետությունը, որը դատարանի վճռով պատժում է մեղավորներին»:

Հայոց ցեղասպանության հարցի ակտիվ վերարծարծումը Թուրքիայում հանգեցրեց թուրքական պաշտոնական թեզերի վիճարկմանը: Թվում է, թե դրանց «անվերջ հիմնավորումն» էլ պետք է վիճարկելի դարձնի այն հաստատությունների գործունեությունը, որոնք կատարում են հիմնավորման պետական առաջադրանքը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4