«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2006-01-14 | #6, 2006-01-17 | #7, 2006-01-18


ԽՈՍՔԻ՞, ԹԵ՞ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԽՄԲԱԳՐԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

«Բոստոն Գլոբ» թերթի դեկտեմբերի 4-ի համարից արտատպված Մայքլ Ջոնասի հոդվածից («Արմինյն միրոր սփեքթեյթր», դեկտ. 17, 2005 թ.) տեղեկանում ենք, որ Մասաչուսեթս նահանգում 1998-ին ընդունված օրենքի մի դրույթ, որը նախատեսում է Հրեական ողջակիզման, Հայոց ցեղասպանության եւ Իռլանդիայում 1840-ականներին սովի առաջացման գործում բրիտանացիների դերի պատմական փաստերի ընդգրկումը դպրոցական ծրագրերում, դատական քննարկման նյութ է դարձել: Հայցվորներըՙ ամերիկա-թուրքական մի կազմակերպություն, երկու դասախոսներ եւ մեկ ուսանող, առարկել են, որ Հայկական հարցը միակողմանի է ներկայացվում եւ անտեսելով թուրքական տեսակետները, փաստորեն անտեսվում է նաեւ խոսքի ազատության համամարդկային իրավունքը: Նրանց պաշտպանում են իրավաբաններըՙ քաղաքացիական ազատությունների ջերմեռանդ պաշտպան Հարվի Սիլվերգլեյթը եւ քրեական պաշտպանության մասնագետ Նորման Զալկինդը, որոնք գործն անվանել են մի նոր գլուխ «մշակույթների պատերազմում»: Նրանց հետ համամիտ է նաեւ Մ. Նահանգների գերագույն դատարանի դատավոր Օլիվեր Ուենդել Հոլմսը, որի կարծիքով խոսքի ազատությունը նշանակում է նաեւ մեզ համար ատելի մտածողության ազատություն:

Այս խմբին հակադրվում է Բրայթոնից սենատոր Սթիվ Թոլմանը (վերոհիշյալ օրինադրույթի համահեղինակ), որը նախկինում եղել է երկաթուղային արհեստակցական միության առաջնորդը եւ հայտնի է իր շիտակ բնավորությամբ ու բացախոսությամբ: Նա գտնում է, որ «նրանք, ովքեր պատմությունը չգիտեն, դատապարտված են կրկնելու պատմության սխալները», եւ որ տվյալ դեպքում հարցը խոսքի ազատությանը չի վերաբերում: «Դուք չեք կարող փոխել պատմական փաստերն ասելով, որ դրանք տեղի չեն ունեցել», ասել է նա հայցվորներին, ավելացնելով. «Նեոնացիստներ էլ կան մեր օրերում, որոնք պնդում են, թե հրեաների ողջակիզում չի եղել, մի՞թե նրանց ասածով պիտի շարժվենք եւ մեր ուսումնական ծրագրերից հանենք Հոլոքոսթի փաստերը»:

Բարեբախտաբար դատական լսումները բարեհաջող ելք են ունեցել: «Արմինյն միրոր սփեքթեյթրի» հունվարի 7-ի համարը ավետում է, որ դեկտեմբերի 23-ին գլխավոր դատախազ Թոմ Դեյլին, որի գրասենյակը ի սկզբանե պաշտպանում էր կրթության նախարարության դիրքորոշումը, մերժել է ներկայացված հայցը, նշելով, որ ներկայացված փաստարկները բավարար հիմք չեն կարող ծառայել վերանայելու օրենքի այդ դրույթը: Նրա որոշումը ասիստենտի պաշտոնով ստորագրել են նաեւ իրավաբաններ Ուիլյամ Պորտերն ու Դեյվիդ Գուբերմանը:

Ավելացնենք, որ ըստ լրատվության, հարցը լուրջ ուշադրության է արժանացել ինչպես տեղական «Բոստոն գլոբի», այնպես էլ ամբողջ երկրի մասշտաբով հեղինակավոր «Ուոլ սթրիթ ջորնլի» էջերում:

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4