«Իրավիճակն այնպիսին է, որ միայն պետականորեն է հնարավոր ոճրագործ Ադրբեջանին միջազգայնորեն դիմակազրկել եւ պատասխանատվության ենթարկելՙ խափանելով հայկական հուշարձանների ոչնչացումը շարունակելու նրա քաղաքականությունը: Նախիջեւանի հուշարձանների պաշտպանությունը կօժանդակի նաեւ Արցախի խնդրի արդարացի լուծմանըՙ միջազգային կառույցներին ցույց տալով, որ մշակույթ ոչնչացնող պետության հետ հնարավոր չէ հաշտության բանակցություններով փոխզիջման գնալ», ասված է հայոց հուշարձանների պաշտպանության համահայկական հանձնախմբի հայտարարության մեջ, որ երեկ ներկայացվեց գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում հրավիրված քննարկման ժամանակ:
Հանձնախումբը դարձյալ հորդորեց Հայաստանի կառավարությանը միջազգային արդարադատության դատարանի առջեւ կանգնեցնել Ադրբեջանինՙ Նախիջեւանի հայոց միջնադարյան եկեղեցիները, տապանաքարերն ու խաչքարերը ոչնչացնելու համար, ինչպես նաեւ պարտադրել Հայաստանին հանձնել Ջուղայում եւ այլ վայրերում ջարդուփշուր արված խաչքարերի բեկորները: Առաջարկվում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ոչնչացված հուշարձանների ու դրանց վերականգնման արժեքը Ադրբեջանից բռնագանձելու, նաեւ հուշարձանների պահպանության համար այնտեղ միջազգային զորամիավորումներ մտցնելու համար: «Հասնել այն բանին, որ միջազգային կառույցները ստեղծեն Հայաստանի եւ տարբեր երկրների մասնագետներից կազմված հետազոտական խմբեր, որոնք կհաշվառեն, կվավերագրեն ու կչափագրեն Նախիջեւանի ամբողջ տարածքի հայկական հուշարձանները: Դեսպանատների ու հայկական այլ կառույցների միջոցով Նախիջեւանի հայոց հուշարձանները ոչնչացրած Ադրբեջանի միջազգային դիմազրկումը դարձնել երկրի արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիրներից մեկը: Սփյուռքի եկեղեցական, հասարակական -քաղաքական, մշակութային ու այլ կազմակերպություններն իրենց առաջնահերթ խնդիրը պետք է դարձնեն Հայաստանի տարածքից դուրս գտնվող հուշարձանների, մասնավորաբար Նախիջեւանի հուշարձանների պաշտպանությունն ու Ադրբեջանի ոճրագործ կառավարությանը միջազգային պատասխանատվության ենթարկելու գործողությունները», նշում է հանձնախումբը:
Գրականագետ Ավիկ Իսահակյանը կարծում է, որ հայկական սփյուռքը պետք է տեւական ցույցերով ու բողոքի տարբեր ձեւերով իր ձայնը բարձրացնի այս երեւույթի դեմ: «Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ Ադրբեջանը ոչնչացնում է մեր քրիստոնեական հուշարձանների հետքերը, որպեսզի կարողանա հայտարարել, թե այդ հողն ի սկզբանե եղել է թուրքինը, այնինչ բոլորին է հայտնի, որ իրենք հայտնվել են այնտեղ մոնղոլական արշավանքների ժամանակ: Իրականում ադրբեջանցի ազգ գոյություն չի ունեցել, իսկ խորհրդային հեղափոխությունից հետո Ադրբեջանի հանրապետություն ստեղծելու նպատակը մահմեդական ուժերի շրջանում հենարան ունենալն էր: Պարզ էր, որ գիշատիչը պետք է շարունակեր իր կյանքը, եւ եթե Բաքվում ու Սումգայիթում ադրբեջանցիները հայ մարդուն էին ոչնչացնում, հիմա հայերի հոգեւոր հետքերն են բնաջնջում: Այս խնդիրը մեզ համար պետք է դառնա համաժողովրդական», ասաց նա:
Արվեստաբան Լեւոն Չուքասզյանի համոզմամբ, Հայաստանի մշակույթի նախարարությունը պետք է հասնի այն բանին, որ Հին Ջուղայի տարածքը դառնա պատմամշակութային արգելանոց ու դրվի միջազգային կազմակերպությունների, օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:
Ռաֆայել Համբարձումյանը նշեց, որ իրենք հնարավոր ամեն բան արել են քննարկվող հարցին հասարակական ու միջազգային հնչեղություն տալու համար եւ այս փուլում ամեն ինչ կախված է Հայաստանի կառավարության դիրքորոշումից:
«Մենք պիտի ամեն ինչ անենք, որ Հայաստանի կառավարությունն անի այն, ինչ պարտավոր է անել: Դա նրա պարտքն է, եւ մենք հետամուտ ենք լինելու դրա կատարմանը: Պետք է հասնել հարցի վերջնական արդյունքին, առանց դրա չի կարելի հանգստանալ», ասաց Սամվել Կարապետյանը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ