«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2006-01-14 | #6, 2006-01-17 | #7, 2006-01-18


ԴԵ ԳՈՒԽՏԸ ԲԱՔՎՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԹԵՄԱՆ

ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտիՙ Ադրբեջան կատարելիք այցելության ընթացքում տեղի կունենա կարծիքների լայն փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ: Այս մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի նախագահի գործադիր ապարատի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը:

«Մենք լիովին բավարարված ենք, որ շատ երկրների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները մեծապես հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ: Մենք ցանկանում ենք, որ այդ հետաքրքրությունը վերածվի պահանջի», ասել է Մամեդովը: Ըստ վերջինիս, Կարել դե Գուխտի այցելությունն Ադրբեջան որպես ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնավարման առաջին իսկ ամսում, կարեւոր իրադարձություն է: Մամեդովը դրական է գնահատել հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից մոտեցումները, ավելացնելով, որ Բաքվում տեղի կունենան քննարկումներ ԵԱՀԿ դիրքորոշումն ամրապնդելու եւ ավելի վճռական դարձնելու նպատակով:

Բելգիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դե Գուխտը ճանաչողական այցով Ադրբեջանում կլինի հունվարի 25-ին: Ըստ ադրբեջանական դիվանագիտական աղբյուրների «Ազերի պրես» գործակալությանը հայտնած տեղեկությունների, դե Գուխտը Բաքվում կհանդիպի նախագահի, վարչապետի, արտգործնախարարի եւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ: Այցելության ընթացքում որեւէ հանդիպում Ադրբեջանի ընդդիմության եւ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ չի լինի:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4