«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2006-01-14 | #6, 2006-01-17 | #7, 2006-01-18


«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԸ ԻՐԱՎԱԲԱՆԻ ՊԱՇՏՈՆ Է»

Համոզված է իրավաբան Պուշկին Սերոբյանը

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտի եւ նոր թեկնածուի որոնման շուրջը առաջացել են վիճահարույց, հաճախ էլ իրարամերժ կարծիքներ: Ոմանք փնտրում են նոր, ավելի «կարող» ուժի, ոմանք էլ իրենց պարտքն են համարում գնահատել նախկին օմբուդսմենի գործունեությունը եւ ցուցադրել սեփական արժանիքները:

«Փակագիծ» ակումբում երեկ Լարիսա Ալավերդյանի գործունեությունն էր գնահատում իրավապաշտպան, «Զորավիգ» թերթի խմբագիր Պուշկին Սերոբյանը: Շրջանառվող լուրերի համաձայն, վերջինիս անունը կա հավակնորդների երկար ցուցակում, այնպես որ այնքան էլ պատահական չէր Պուշկին Սերոբյանի հրավիրած ասուլիսը այս օրերին: Հանդիպման սկզբում բանախոսն ինքն էլ նշեց, թե իրեն առաջարկել են այդ պաշտոնը: Բայց երբ լրագրողներս խնդրեցինք նշել կոնկրետ պաշտոնական առաջարկների եւ դրանց հեղինակների մասին, իրավապաշտպանն ասաց, որ պաշտոնապես այդպիսի առաջարկ չի եղել, այլ զրույցներ են եղել: Նրա խոսքերով, ինքը հրաժարվել է այդ պաշտոնը զբաղեցնելուց նախ բարոյական կողմը կարեւորելով. «չեմ ցանկանում, որ դա շահարկեն, էժանագին խաղերը իմ տարիքի համար չեն»: Ապա հավելեց, որ հիշյալ պաշտոնում ինքը իրավաբանի, մասնագետի է տեսնում, որը կսահմանափակվի ոչ միայն հայտարարություններ անելով, այլ կոնկրետ մարդկանց օգնելով: Պրն Սերոբյանը նշեց, որ ինքն արդեն հրաժարվել է եւ նորից առաջարկը լսելու դեպքում պատրաստ է հրապարակավ մերժել: Թեեւ խմբագիրը կարծում է, որ ինքը կարող էր եւ ընդունել առաջարկը. «Ի՞նչ է, Լարիսա Ալավերդյանից պակա՞ս վատ կաշխատեի»:

Պուշկին Սերոբյանը մտահոգված է, որ Հայաստանում կան 2000-ից ավելի իրավապաշտպան կազմակերպություններ, որոնցից երեւի 10-ն են լրջորեն զբաղվում իրենց գործով, իսկ մյուսները զբաղված են գրանտներ ստանալով: Նրա խոսքերով, մարդն այսօր իրեն պաշտպանված չի զգում եւ չգիտի ում դիմի, իսկ օմբուդսմենի ինստիտուտն էլ չկայացավ: Հետաքրքրական է, որ մարդու իրավունքների պաշտպանի ազգանունը վարանելով եւ հազիվ հիշելով արտաբերած իրավապաշտպանը լավ ծանոթ էր Լարիսա Ալավերդյանի աշխատանքին եւ փնովում էր նրա գործունեությունը` սկսած նրա 2004 թ. զեկույցից, որում չի եղել կոնկրետ ոչ մի անուն, ոչ մի ազգանուն, ում նա պաշտպանել է. «Նա այսքան ժամանակ միայն «Արմենտելի» հարցով է հայտարարությամբ հանդես եկել»: Պրն Սերոբյանը մարդու իրավունքների պաշտպանի դերում կոալիցիայի առաջարկելիք Արմեն Հարությունյանի թեկնածությանը համաձայն է, քանի որ նա մասնագետ է եւ «որքան էլ վատ աշխատի, Լարիսա Ալավերդյանից անհամեմատ լավ կաշխատի»: Ուրիշ անուններ բանախոսը չհայտնեց` կրկնելով, որ հիշյալ պաշտոնը զբաղեցնողը կարեւոր է, որ մասնագետՙ իրավաբան լինի:

Մինչ հանդիպման իրական նպատակի` վերը ասված հարցի մասին խոսելը, իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը հարկ համարեց խոսել նաեւ մամուլի մասնատվածության եւ անարդյունավետության, մարդկանց իրավական անպաշտպանվածության, ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների համագործակցության կարեւորության, կուսակցությունների գերաճի մասին:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4