Դրա համար բոլորովին կարիք չկա ձեռնարկություններ հանձնելու Ռուսաստանին
Հայաստանին վաճառվող ռուսաստանյան գազի թանկացումը առաջ է բերել մեկնաբանություններ, որոնցից ոչ բոլորին կարելի է համաձայնել: Ներկա հոդվածում կփորձեմ ներկայացնել որոշ հաշվարկներ այդ մասին ու ուրվագծել հնարավոր գործողություններ:
Վատթարագույն «սցենարը», որը մեզ սպասում է, հետեւյալն է. Ռուսաստանը 1000 խմ գազի գինը հասցնում է 110 դոլարի ներկա 56-ի փոխարեն: Ըստ արտահայտվող կարծիքների, այդ սակագինը «անտանելի է» Հայաստանի համար, այդ պատճառով երկիրը պետք է ձգտի անել ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի սիրտը շահենք, ու գինը չբարձրանա: Մասնավորապես որպես հնարավոր տարբերակ հնչեցվում է այն միտքը, թե Հայաստանը կարող է այդ հարվածը մեղմելու համար Ռուսաստանին զիջել իր կարեւոր տնտեսական օբյեկտներից եւս մեկը, ասենք Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկը կամ Որոտանի կասկադը:
Նախ նշեմ մի քանի հանգամանք, որոնք ակնհայտորեն բարենպաստ են Հայաստանի համար:
1. Ռուսաստանը Հայաստանի համար ոչ միայն գազ մատակարարող է: Ռուսաստանին են պատկանում նաեւ Հայաստանի էներգետիկայի որոշ խոշոր ձեռնարկություններ, որոնց համար գազի գնի բարձրացումը ցանկալի չէ:
2. Հայկական դրամիՙ վերջին տարիներին դիտվող ու հավանաբար դեռ չավարտված արժեւորումը նույնպես կնպաստի գազի հնարավոր թանկացումից առաջացած հարվածի մեղմացմանը:
3. Գազը կարեւոր էներգիայի աղբյուր է, բայց չունի «մենաշնորհային» կարգավիճակ Հայաստանի համար:
Ստորեւ ներկայացվող հաշվարկը հիմնված է նախորդ երկու տարիների վիճակագրական տվյալների վրա եւ ապագայի համար լիովին ճշգրիտ լինել չի կարող: Այնուհանդերձ իրավիճակի որակական պատկերը տալիս է:
Եվ այսպես, ենթադրենք, որ Հայաստանը պետք է Ռուսաստանից ստանա 1,7 մլրդ խորանարդ մետր գազ, ինչպես 2005 թ. (իրականում 2006 թ. նախատեսվում է ստանալ ավելի): Ինչպես հայտնել է այս ոլորտի մենաշնորհային ձեռնարկությունըՙ «Հայռուսգազարդը», այդ քանակի մոտ կեսը տրվում է ՋԷԿ-երին, մյուս կեսը այլ սպառողներինՙ բնակիչներին ու ձեռնարկություններին: Քննենք այս երկուսն առանձին-առանձին:
Ներկայումս ՋԷԿ-երը տալիս են ՀՀ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի 26-30 տոկոսը, մնացածը ստացվում է ԱԷԿ-ից ու ՀԷԿ-երից: Ընդ որում, ՋԷԿ-երը էներգիայի առավել թանկ աղբյուր են. ըստ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի (համառոտության համար ստորեւ կանվանենք հանձնաժողով) որոշման, նրանց մեկ կիլովատ-ժամը գնահատվում է 16 դրամ, մինչդեռ ԱԷԿ-ում 12 դրամ է, իսկ ՀԷԿ-երումՙ 8 դրամից պակաս: ՋԷԿ-երը կարող են դիմել հանձնաժողովինՙ նրանց էներգիայի գինը բարձրացնելու խնդրանքով (ասենքՙ մինչեւ 22 դրամ), բայց այդ բարձրացումը միայն էլ ավելի կհարվածի ՋԷԿ-երի մրցունակությանը: Ավելացնենք, որ ՋԷԿ ասելով պետք է հասկանալ գլխավորապես Ռուսաստանին պատկանող Հրազդանի ՊՇԷԿ-ը, որին բաժին է ընկնում «ջերմային» էլեկտրաէներգիայի 80 տոկոսը: Այսպիսով, գազի գնի բարձրացումը առաջին հերթին կարող է հարվածել Ռուսաստանին պատկանող այդ ձեռնարկությանը: Պետք է նաեւ նկատի ունենալ, որ մոտակա տարիներին Հայաստանում սպասվում է երկու նոր ՋԷԿ-երի գործարկումՙ Հրազդանի 5-րդ բլոկը (որը չի պատկանում Ռուսաստանին) եւ Երեւանի ՋԷԿ-ի նոր բլոկը (ճապոնական վարկով): Դրանք կլինեն ավելի ժամանակակից, միավոր արտադրանքի վրա կծախսեն շատ ավելի քիչ գազ եւ վերջնականապես հարցականի տակ կդնեն «ռուսահպատակ» Հրազդանի ՊՇԷԿ-ը, եթե, իհարկե, նրա տերըՙ ՌԱՕ ԵԷՍ-ը, չձեռնարկի իրեն պատկանող չորս բլոկների արդիականացումը:
Եվս մի տարբերակ: Եթե հանձնաժողովը համաձայնի ավելացնել ՋԷԿ-երի էներգիայի ինքնարժեքը, այս անգամ արդեն կարող է դժգոհել «Հայաստանի բաշխիչ ցանցեր» ընկերությունը, որը ստիպված կլինի ՋԷԿ-երից գնել ավելի թանկ էներգիա, քան այժմ (դիցուք դա մեր ենթադրած 22 դրամն էՙ ներկա 16-ի փոխարեն), իսկ սպառողներին վաճառել նույնՙ 25 դրամով: «Բաշխիչ ցանցերը» կարող են դիմել հանձնաժողովինՙ պահանջելով բարձրացնել էլեկտրաէներգիայի սպառողական սակագինը (ասենքՙ ներկա 25-ի փոխարեն դարձնել 30 դրամ): Սակայն հանձնաժողովը բոլոր հիմքերն ունի չբավարարելու այդ խնդրանքը, քանի որ ՋԷԿ-երը, ինչպես ասացի, արտադրում են երկրի էլեկտրաէներգիայի 30 տոկոսից պակասը, իսկ նրանց ինքնարժեքը առանց այն էլ շատ բարձր էր երկրում էներգիայի միջին սակագնից: Այնպես որ, գազի գնի բարձրացումը կարող է հատուցվել նրանով, որ կպակասի նաեւ «Բաշխիչ ցանցերի» շահութաբերությունը: Իսկ «Բաշխիչ ցանցերը», ինչպես հայտնի է, նույնպես արդեն պատկանում է Ռուսաստանին:
Ասվածը հիմք է տալիս կարծելու, որ այն հանգամանքը, որ Ռուսաստանը դեռ չի շտապում բարձրացնել Հայաստանին վաճառվող գազի գինը (իսկ Վրաստանինն ու Ադրբեջանինն արդեն բարձրացրել է), պայմանավորված է ոչ թե «ռազմավարական համագործակցության» ինչ-ինչ քաղաքական նկատառումներով, այլ զուտ տնտեսական հաշվարկով: Այս առումով Վլադիմիր Պուտինը միանգամայն իրավացի էր, երբ Սոչիում դեկտեմբերի 16-ի հանդիպումից հետո ասաց, որ խոսքը միայն տնտեսվարող սուբյեկտների շահերի մասին է: Եվ զուր չէր, որ այդ հանդիպմանը ռուսաստանյան կողմից մասնակցում էր նաեւ Անատոլի Չուբայսըՙ ղեկավարը ՌԱՕ ԵԷՍ-ի, որին էլ հենց պատկանում են Հրազդանի ՊՇԷԿ-ի չորս գործող բլոկները եւ Հայաստանի «Բաշխիչ ցանցերը»:
Այժմ դառնանք ներմուծվող գազի երկրորդ պայմանական կեսին, որը «Հայռուսգազարդ» համատեղ ձեռնարկությունը վաճառում է այլ սպառողներին, առաջին հերթինՙ բնակչությանը: Ի՞նչ կշահի «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունը (նրան պատկանում է «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 45 տոկոսը), եթե գազը սկսի գնել 110 դոլարով, ներկա 56-ի փոխարեն: Ու ի՞նչ կկորցնեն Հայաստանն ու նրա սպառողները:
Ներկայումս «Հայռուսգազարդը» 1000 խմ գազը գնում է 56 դոլարով, իսկ բնակչությանը վաճառում 60 հազար դրամով, ներկա փոխարժեքովՙ 133 դոլարով: Այսինքն, գնի ու վաճառքի տարբերությունըՙ մարժան, կազմում է 77 դոլար: Այստեղ կարեւոր է ընդգծել, որ այդ մարժան վերջին տարիներին ավելացել է դոլարի արժեզրկման պատճառովՙ երեք-չորս տարի առաջ, երբ մեկ դոլարն արժեր մոտ 550 դրամ, 60000 դրամը համարժեք էր մոտ 110 դոլարի, հետեւաբար «Հայռուսգազարդի» մարժան միայն 54 դոլար էր: Ահա, եթե «Հայռուսգազարդին» վաճառվելիք գազի գինն այսուհետեւ պետք է լինի 110 դոլար, «Հայռուսգազարդը», բնականաբար, պետք է դիմի հանձնաժողովին, խնդրելով, որ բարձրացվի սպառողներին տրվող գազի սակագինը: Հանձնաժողովը բոլոր հիմքերն ունի ասելու, որ գնի բարձրացումը պետք է լինի այնքան, որ «Հայռուսգազարդի» համար ապահովի նախկինՙ 54 դոլարի մարժան (գուցե եւ ավելի պակաս), այլ ոչ թե ներկայիս 77 դոլարը, ինչը, կրկնում եմ, դրամի արժեւորման հետեւանքն է: Այսինքնՙ եթե «Հայռուսգազարդը» 1000 խմ գազը գնի 110 դոլարով, նրան կթույլատրվի բնակչությանը վաճառել, ասենքՙ 164 դոլարով կամ ներկայիս փոխարժեքովՙ 73800 դրամով: Դա նշանակում է, որ բնակչությանը վաճառվող գազի սակագինը ներկայիս 60 դրամի փոխարեն կհասցվի մոտ 73 դրամի կամ կավելանա մոտ 21 տոկոսով: Փոխարենը «Հայռուսգազարդի» մարժան կնվազի 40 տոկոսով (77-ից 54 դոլար), ի հետեւանս այն բանի, որ նրա իսկ բաժնետեր «Գազպրոմը» որոշել է թանկացնել վաճառվող գազը:
Այնպես որ Ռուսաստանի կողմից գազը թանկացնելը, ճիշտ է, նրան լրացուցիչ եկամուտ կբերի, բայց կարող է զգալիորեն հարվածել Հայաստանում նրան պատկանող ձեռնարկությանը: Քանի որ այս հաշվարկները մոտավոր են, ապա ակնհայտ չէ, թե իրական շահն ու կորուստը որքան կլինի:
Վերջապես, դիտարկենք մեր սպառողների խնդիրը: Գազի գնի 21տոկոս (60-73 դրամ 1 խմ-ն) թանկացումը, իհարկե, 100 տոկոս չէ, բայց էլի ցավոտ հարված կլինի մեզ համար: Այստեղ է, որ կարող է եւ պետք է գործի կառավարությունը: Հայաստանի «ոչ էներգետիկ» սպառողները օգտագործել են մոտ 800 մլն խմ գազ: Եթե նրանք ստիպված լինեն դրա 1000 խմ-ի համար վճարել 73000 դրամ, այսինքնՙ ներկա 133 դոլարի փոխարեն 164 դոլար, ապա տարբերությունը կկազմի տարեկան մոտ 25 մլն դոլար: Կառավարությունը միանգամայն կարող է այս գումարը թանկացման նախնական փուլում փոխհատուցել, որպեսզի գոնե առաջին մեկ-երկու տարում բնակչությունը եւ արտադրական ձեռնարկությունները շատ չտուժեն այս հանկարծակի թանկացումից: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բոլոր հիմքերն ուներ հայտարարելու, որ կառավարությունն ի վիճակի է իր սեփական ռեսուրսների հաշվին թույլ չտալ թանկացում. իրոքՙ մեկ միլիարդ դոլարանոց բյուջե ունեցող կառավարության համար 25 միլիոնի հայթայթումը լուրջ խնդիր չէ: Խնդիրն ավելի կբարդանա, եթե հանձնաժողովը բարձրացնի էլեկտրաէներգիայի սակագինը, սակայն դա միանգամայն անհիմն է թվում*:
Եզրափակելով ավելացնենք, որ եթե նույնիսկ այստեղ բերված հաշվարկներում չափազանց լավատես եմ եղել ու սխալվել եմ, օրինակՙ կրկնակի չափով, ապա, ակնհայտորեն, ոչ մի նոր ձեռնարկություն Ռուսաստանին տալու մասին խոսք լինել չի կարող: Նույնիսկ եթե գազի գինն իսկապես կրկնապատկվի:
(*) Թեեւ ՀՀ էներգետիկայի նախարարը նախորդ օրը հավանական համարեց, որ գազի գնի թանկացման դեպքում էլեկտրաէներգիայի գինը 3-4 դրամով կբարձրանա:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ