«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2006-01-14 | #6, 2006-01-17 | #7, 2006-01-18


ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ՕՐԻՆԱԿԻՆ ՀԵՏԵՎՈՒՄ Է ԻՐԱՆԸ

Թուրքիայում թռչնագրիպի տարածումը նախազգուշական ազդակ է նրա հարեւանների համար: Նրանցից թերեւս Սիրիան, որպես կանխարգելիչ միջոց, ձեռնարկել էր սահմանամերձ Ղամըշլի գյուղաքաղաքում ընտանի թռչունների ոչնչացումը: Թեեւ Իրանում թռչնագրիպի դեպք դեռեւս չի հայտնաբերվել, իրանական իշխանությունները «Իռնա» գործակալության տվյալներով հետեւել են Սիրիայի օրինակին, հայտարարելով կարանտինային գոտի 239 բնակավայրեր Թուրքիայի սահմանի երկայնքով:

Այդ բնակավայրերում ընտանի թռչուններին ոչնչացնելու համար ստեղծվել են 168 հատուկ խմբեր գյուղատնտեսության եւ առողջապահության նախարարությունների նախաձեռնությամբ: Ոչնչացման աշխատանքներում ներգրավվել է նաեւ իրանական ոստիկանությունը: Ըստ «Իռնայի» տեղեկության, պետությունը բնակչությունից գնում է ոչնչացման ենթակա ընտանի թռչուններին:

Ի դեպ, Թուրքիայի անմիջական հարեւաններից թռչնագրիպի տարածման առումով թերեւս ամենախոցելի սահմանն ունի Հայաստանը: Թռչնագրիպի դեպք մեր հանրապետությունում չի հայտնաբերվել, ինչը իշխանություններին ձերբազատում է սահմանամերձ շրջանները կարանտինային գոտի հայտարարելու պարտավորությունից: Այնուամենայնիվ այդ շրջաններում առանձին բնակիչներ, որպես նախազգուշական միջոց, անձնական նախաձեռնությամբ ոչնչացնում են իրենց ընտանի թռչունները: Կարծում ենք սա նախընտրելի քայլ է, որովհետեւ Հայաստանում կարանտին հայտարարելը տեղիք կտա ներկա պահին միանգամայն ավելորդ խուճապի, իսկ որոշ շրջանակների շահախնդիր շահագրգռությունները համատարած բնույթ կհաղորդեն դրան:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4