«Այսօրվա կանայք դարձել են ավելի նպատակային, առավել տղամարդկային գծեր են նրանց մեջ զարգանում: Արդյունքում կանացիությունը կորչում է: Մինչդեռ կինը ստեղծվել է երկու բանի համար` սիրվելու եւ երեխա ունենալու»: Սա կարծիքն է երիտասարդ մի կնոջ, որ ե՛ւ սիրված է, ե՛ւ երեխա ունի: Սակայն նա հեղինակել է նաեւ հետեւյալ տողերը.
Ես իմ կյանքի փոսը ունայն/ Հեքիաթներ եմ հիմա լցնում,/ Երազներ եմ լցնում այնքան,/ Որ հեշտ լինի ապրել կյանքում:
«Հակասություններ կան չէ՞, ասում է նա ու ժպտում, բայց ինչպե՞ս կարելի է կնոջ մեջ երկաթե տրամաբանություն փնտրել...»:
Լիլիթն արտաքինից բարձրահասակ աղջնակի է նման, որ հեքիաթից է դուրս եկել: Երկար խոպոպներ, խոշոր աչքեր, զգայուն հայացք... Մի անգամ նա պատահաբար բացել է Քուչակի գիրքը եւ սկսել է ...երգել, «Ինձ թվում է բառերի տակ հենց այս մեղեդին է, գուցե ինքը լսել է այս մեղեդին, չգիտեմ: Ընդ որում Քուչակը շատերին է հմայել, նաեւ Տիգրան Մանսուրյանին, ասում է Լիլիթը, որ վերջին փաստին ավելի ուշ է անդրադարձել»: Հիմա նա գրում է երգեր, որոնց բառերի հեղինակն է Նահապետ Քուչակը: Երգերի ժողովածուն որոշել է կոչել Քուչակի ոճով` «Հայրեններ»:
Լիլիթ Դանիելյանը նաեւ հեղինակել է մի գիրք, որ կոչվում է «Նայիր կնոջը»: Յուրօրինակ ձեւավորմամբ այս գրքույկը խոսում է խելացի ու զգայուն կնոջ ճարտար լեզվով.
Մարող լույս կա մեր մեջ եւ կարոտ,/ Որին մենք թախիծ ենք կոչում,/ Կա մեր մեջ եւ քրքիջ, լաց` ցավոտ,/ Կան մեր մեջ, բայց մենք խաղ ենք խաղում:
Լիլիթը «Տնակ» երաժշտական մանկապատանեկան թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Նաեւ երգեր է հեղինակում երեխաների համար եւ ուղղակի շողում է երեխաների մասին խոսելիս. «Երեխաները եկեղեցու պես են` մաքուր եւ ազնիվ: Նրանց թեմային անդրադարձա, երբ ինքս մայր դարձա...Կարծես նորից ծնվեցի: Մինչ այդ պատրաստվում էի երգչուհի դառնալ, սակայն այդ գաղափարը մարեց իմ մեջ, երբ հասկացա, որ բեմում «երգելու են» նախ` իմ ոտքերը, ապա ես: Այսինքն, հանդիսատեսը շատ հաճախ մարմինն է հաշվի առնում, ապա նոր լսում երգը, դա վիրավորական է...»: Դա վաղուց էր, իսկ հիմա Լիլիթին այլ մտքեր են զբաղեցնում: «Պետք է ստեղծել մանկական երաժշտական թատրոն, որովհետեւ իրականում մենք չունենք մյուզիքլի թատրոն», ասում է նա եւ հրավիրում իր ղեկավարած «Տնակ» մանկապատանեկան երաժշտական թատրոնի ամանորյա գողտրիկ ներկայացումներին, որ տեղի ունեցան Նարեկացի արվեստի միության կենտրոնում: Այստեղ մենք հանդիպեցինք տոնականորեն զարդարված մի խումբ մանչուկների, որ վստահ պարում ու երգում են բեմի վրա, արտասանում եւ գերում իրենց մանկական աշխուժությամբ ու պայծառությամբ:
Լիլիթը հիշում է, երբ ինքն առաջին անգամ տեսավ «Քեթս ռոք օպերան» Բրոդվեյում, ցնցվեց: «Իսկ երբ նույն ներկայացումը մերոնց կատարմամբ տեսա մեզ մոտ, ցանկություն առաջացավ բարձրաձայնելու` եթե որակն այս է լինելու, եկեք չբեմադրենք էլի, շատ եմ խնդրում... Ընդհանրապես, ես կարծում եմ, որ մեր թատրոնը մնացել է դեռ խորհրդային կարգերում, եւ դա տխուր է: Այսինքնՙ դե յուրե ունենք, բայց դե ֆակտո` ոչ, քանի որ մենք չունենք մյուզիքլի համար պատրաստված դերասաններ: Բացառություններ, իհարկե կան` Վարդան Պետրոսյան, Միքայել Պողոսյան, Անդրե, կարծես թե` այսքանը, մինչդեռ մյուզիքլի ժանրի մեկ ներկայացումը պահանջում է մոտ 50 երգող, պարող, վազող դերասաններ, որոնց մեջ պետք է զարգացնել ցատկելիս ու պարելիս ճիշտ շնչելու կարողություններ եւ այլ հմտություններ: Այդ պատճառով մյուզիքլի դերասանը չի կարող արագ կայանալ, նրան «աճեցնել» է պետք: Իսկ դա այնքան էլ հեշտ չէ, ոչ միայն ուսուցչի, այլեւ երեխաների համար: Ասածիս վառ վկայությունն է այն, որ ստեղծման պահին, այսինքն մի տարի առաջ մեր թատրոն էին հաճախում 30 երեխաներ, այսօր մնացել են 13-ը: Մյուզիքլի դերասանի աշխատանքը ֆիզիկական մեծ լարում է պահանջում, որ ոչ բոլոր ծնողների սրտով է, մանավանդ որ մեր ծնողները մոլուցք ունեն երեխային միանգամից 4-5 խմբակ տանելու, մինչդեռ այս երեխաները պետք է բավականին ուժ ու եռանդ ներդնեն իրենց ուսումնական գործունեության ժամանակ: Այնուամենայնիվ, հավատում եմ, որ «Տնակի» այսօրվա հնգամյա դերասանը 10 տարի հետո արդեն 15 տարվա փորձ ունենալով, էլի կգա «Տնակ» ու կհամարվի հայկական երաժշտական իսկական թատրոնի առաջին դերասաններից», ասում է Լիլիթը:
Մյուզիքլային արվեստի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ այն «խորթ» է դրամատիկ թատրոնի, լացի ու տրտմության սովոր հայերիս: Այստեղ է, որ պետք է վերցնել ուրիշ ազգի արվեստներին հատուկ շռնդալից տոնի զգացողությունը, շաղախել այն հայկական հումորով, հոգեւոր ճկունությամբ ու ոգով եւ դարձնել «հայկական մյուզիքլ»: Լիլիթը` փխրուն այս բանաստեղծուհին, մանկական երգահանն ու պարզապես զգացմունքային մայրիկը, որոշել է հայկական թատրոնում խիճ առ խիճ բացել այն առուն, որով վաղը հորդելու են հայկական մյուզիքլի առաջին համազարկերը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ